Ավարտվող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը տեղի ունեցավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը շրջադարձային նշանակություն ունի միջազգային քաղաքականության, մեր տարածաշրջանի զարգացումների համար:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դարձավ հերթական հարթակը, որտեղ քննարկվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս անգամ հայ-ադրբեջանական ուղղակի հանդիպում տեղի չունեցավ, սակայն Վարշավայում գտնվող Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկեցին իրենց երկկողմ հանդիպումների և վեհաժողովում ունեցած ելութների ձևաչափում:
Բուն Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում օրակարգային չէր, իսկ ընդունված եզրափակիչ ակտում, հայ-ադրբեջանական հակամարտությունը շոշոփվում է ռեգիոնալ համատեքստում, ընդհանուր ձևակերպումներով:
Ասել կուզեմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և դրա եզրափակիչ ակտը, ուղղակի ազդեցություն չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, սակայն անուղղակիորեն կարող են նոր ազդակ հաղորդել կարգավորման գործընթացին:
Ստատուս քվոյի պահպանման կամ փոփոխման խնդիրն այսօր սահմանագծային է ու մեր դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձի:
Ստատուս քվոյի փոփոխությունը Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է, Ադրբեջանի համար՝ իր տարածքային ամբողջականության վերականգնումը:
Եթե Լեռնային Ղարաբաղում հաստատված փխրուն հրադադարը չամրապնդվի միջազգային կոնկրետ նախաձեռնություններով, ապա նոր պատերազմի վերսկսման վտանգն իրական է դառնում, սակայն ՆԱՏՕ-ի ավարտված գագաթնաժողովը պատմական դարձավ համաշխարհային նոր իրողությունների արմատավորման, Արևմուտք-Ռուսաստան հարբերությունների համատեքստում:
Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում կայացրեց բազմազգ չորս գումարտակներ տեղակայել Լեհաստանում, Լիտվիայում, Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանի ազդեցիկ քաղաքականությունն ու տարածքային ամբիցիաները զսպելու նպատակով:
Սրան հետևել է պաշտոնական Մոսկվայի կոշտ արձագանքը, որը սպառնալիք է համարում դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ավելին ՀԱՊԿ-ն արդեն հոկտեմբեր ամսին Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունել է իր ռամզավարությունը, որում ՆԱՏՕ-ն հռչակվելու է որպես սպառանալիք:
Ուկրաինական ճգնաժամի հետևանքները ոչ միայն վերացված չեն այլև հիմք դարձան նոր «սառը պատերազմի» մեկնարկի համար:
Դա երեկ հրապարակայնացվեց Վարշավայում, նույն հռետորաբանությունը գերիշխող կդառնա Մոսկվայում:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այս կազմակերպությունը ոչ միայն չի ապահովում մեր երկրի անվտանգությունն, այլ շատ դեպքերում սպառնալիք է նույն այդ անվտանգության համար:
Ռուսաստան-Արևմուտք հակադրության հետևանքով Մոսկվան կարող է էապես սահմանափակել Հայաստանի արտաքին քաղաքականության մանևրելու ռեսուրսը, բազմավեկտորությունը:
Մեր երկրի ինքնիշխանությունը և անվտանգությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ: Այդ սպառնալիքների լրջությունը իշխանության վերնախավը գուցե և պատկերացնում է, սակայն դրանք չեզոքացնելու պոտենցիալ Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը չունի:
Սարգիս Հակոբյան