Բրիտանական The Sun-ն «էքսկուրսիա» է կատարել «մաֆիայի պատերազմներում զոհված ռուսաստանցի գանգստերների անհավանական գերեզմանատանը». խոսքը Եկատերինբուրգի Շիրոկորեչենսկոյե գերեզմանատան մասին է: Ի դեպ, Եկատերինբուրգը բնորոշվում է որպես Ռուսաստանի «քրեական մայրաքաղաք»:

Sun-ը մասնավորապես կենտրոնացել է «ճչացող տապանաքարերի վրա, որոնք նշանավորում են մաֆիայի բոսերի վերջին հանգրվանը»: Սակայն մեջբերվում է ռուսաստանցի բլոգեր Վլադիմիր Մարկովի խոսքը, թե այդ տապանաքարերը «ժամանակակից Ռուսաստանի մութ կողմի խորհրդանիշն են»:

Աղբյուրին հատկապես տպավորել են չափերն ու գները. մարմարե տապանաքարերը կարող են ընդհուպ մինչև 2 մ բարձրություն ունենալ և արժենալ 30 000 ԱՄՆ դոլար:
Չափերի առնչությամբ նշվում է, որ այդ մարդիկ «մեծ էգո» են ունեցել և պարզապես ցանկացել են, որ հետմահու իրենց արձանները հարգեն նույնքան, որքան իրենց են հարգել կենդանության օրոք:

Այս գերեզմանատունը նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար «տեսարժան վայր» է ծառայում, նշում է աղբյուրը և հիշեցնում, որ ռուսական մաֆիան ամենամեծերից մեկն է աշխարհում՝ 300 000 անդամով: