Այսօր ՀՀԿ-ի նորաբաց մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որտեղ ՀՀԿ-ն դաշինք է կազմել ՀԳԴՄ-ի հետ։

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ պատասխանելով հարցին, թե ինչու է աշնանը կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ն որոշեց սատարել Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանին՝ Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»:

 

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն քաղաքական մենաշնորհի խնդիր չունի, քանի որ կան նույնիսկ նախարարներ, որոնք անկուսակցական են, և դա իրենց կուսակցությունն արդեն ապացուցել է. «Քաղաքական դաշտն այնպիսին է, որ չի կարելի ենթադրել, որ բոլոր պաշտոնյաները բացառապես քո կուսակից ընկերներն են լինելու։ Մենք շարունակելու ենք ներգրավել մարդկանց, որոնք լավագույնս կաշխատեն տարբեր ոլորտներում: Կոմունիստական գաղափարներով չենք եղել ու չենք լինելու»,- հավելեց նա:

 

Աշոտյանը խորհուրդ տվեց նաև, որ չզարմանանք, երբ հետագայում այլ դաշինքների ականատես լինեք։

 

ԲՀԿ-ի կողմից Աշոտյանին պատասխանը շատ չի ուշացել ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձագանքելով այսօր Արմեն Աշոտյանի այն մտքին, որ Սամվել Բալասանյանը ավելի հին է, քան ԲՀԿ-ն, պրն. Աշոտյանին հիշեցնեմ, որ քաղաքապետը, ոչ անտիկվարիատ է, ոչ Պիկասոյի կտավ և ոչ էլ Ֆաբեռժեի ձու, որ, որքան հին լինի՝ այնքան արժեքավոր»: