«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքական տեխնոլոգիաների և մեդիայի մասնագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ պետք է, ըստ Ձեզ, անի Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում:

-Ստեղծված իրավիճակը նմանվում է համլետյան հանելուկային հարցին՝ լինե՞լ թե չլինե՞լ: Իմ կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անելիքը կախված է իշխանության՝ իրեն ուղղված ձեռքի դիրքից, երկարությունից և հնարավոր ձեռքսեղմումից՝ եթե ընդհանրապես ձեռք մեկնվել է կամ մեկնվելու է:

Չեմ կարծում թե մեկը, անգամ՝ ինքը Հովհաննիսյանը, գիտի կամ կարող է ունենալ այդ հարցի պատասխանն այս պահին: Գնդակն իրոք որ գտնվում է Սարգսյանի խաղադաշտում: Թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը հարուստ փորձ ունեն և վկան են եղել կրկնվող պատմական իրադարձությունների մի ամբողջ շարանի: Այսօր ընդդիմության առջև կանգնած է այդ սցենարից խուսափելու, իսկ իշխանության առջև՝ այդ սցենարին հարկադրվելու ընտրությունը: Առաջինը կարող է և վտանգավոր դառնալ, իսկ երկրորդն անընդունելի է: Ամեն բան այս անգամ, թերևս, ժամերի ընթացքում հայտնի կդառնա:

-Չե՞ք կարծում, որ այդ ձեռքը մեկնվելու է՝ հաշվի առնելով հենց ձայների քանակը:

- Ո՛չ: Ի տարբերություն հրապարակավ հնչող աննախադեպ ազատ, աննախադեպ արդար, աննախադեպ ժողովրդավարական և ընդհանրապես աննախադեպ ընտրությունների մասին հայտարարությունների՝ իշխանությունն ինքն էլ հստակ գիտի, որ այս ընտրություններն այդքան էլ բացառիկորեն աննախադեպ չէին:

Եվ կարևոր չէ, թե այդ նախադեպության տոկոսը որքան և ում օգտին է հրապարակ եկել: Կարևոր չէ անգամ, թե ընտրատեղամասերում ում և ինչպիսի՝ սպասավորի՞, կամ էլ արջի՞ ծառայություն է մատուցվել:

Կարևորն այն է, որ անգամ սեփական խոսքերով՝ իշխանությունը հասարակությունից ազդանշան է ստացել, և դա լուրջ նշան է: Սեփական ապագան այս կամ այն կերպ կկանխորոշի ընդունված որոշումը, և միայն բուրգի գագաթին է հայտնի, թե, մեծ հաշվով, որ սցենարը կընտրվի: Եվ ընդունվելիք որոշման առումով հրապարակված բոլոր թվերն ու տոկոսները որևէ արժեք չունեն:

Ամբողջական հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ: