Հայերիս անցած անզուգական պատմական ուղու, հերոսական հաղթանակների ու այդ հաղթանակները կերտած փառահեղ հերոսների մասին գիտի ոչ միայն ամեն մի հայորդի, այլև համայն աշխարհը: Մեր ժողովրդի պատմությունը լի է հայերիս արժանապատվությունն ու հայրենասիրությունը փաստող դրվագներով, որոնց փառքը տարածված է ամբողջ աշխարհով մեկ' արժեհամակարգային հենք հանդիսանալով ոչ միայն մեր, այլև շատ առումներով նաև օտար ժողովուրդների համար:


Անկասկած, այդպիսի փառապանծ դրվագներից մեկն էլ Վարդանանց պատերազմն է, որ հիմնահենքային նշանակություն պիտի ունենար մեր ժողովրդի ինքնության պահպանման, հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանության ու հայրենիքը, որպես ազգային համընդհանուր տուն, վերաարժևորելու առումներով: Այն մասին, թե Ավարայրի ճակատամարտն ինչպիսի դրական ազդեցություն ունեցավ հայոց պատմության հետագա ողջ ընթացքի վրա, թերևս, կարելի է խոսել անվերջ, անդադար, քանի որ վստահ ենք' դեռևս մեզանում անգամ լիովին չի գիտակցվել, չի արժևորվել այն ճակատամարտի արժեքը, որ տեղի ունեցավ Ավարայրում, ուր մարդկային պատմության մեջ առաջին անգամ քրիստոնյաները, հանուն իրենց դավանած սկզբունքների ու հավատի, կռիվ տվեցին այլադավան բռնացողների դեմ' հերոսության ու մարտիրոսության մի փայլուն օրինակ դառնալով համայն մարդկության համար:


Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, սակայն, փաստն այն է, որ հատկապես վերջին երկու դարերի ընթացքում չգիտես' որտեղից հանդիպում են մարդիկ, մասնագետներ, ովքեր փորձ են անում կասկածի տակ դնել Վարդանանց պատերամի հերոսականությունն ու փորձում հանրությանն ու մարդկությանը ապացուցել, թե իբր ոչ մի արտառոց բան էլ Ավարայրում տեղի չի ունեցել, իսկ Եղիշեի պատմածն էլ ընդամենը ասք է, ինչ-որ հորինած բաներ. հանդգնորեն պնդում են, թե իբր իրական հերոսը, որը, սակայն, անտեսված է մնացել, Վասակ Սյունին է, ով բա չեք ասի, խնդիրներին փորձում էր դիվանագիտական լուծում հաղորդել:


Մեր օրերում ևս, ցավոք, կան մասնագետներ, մտավորականներ' նման Հուլիսի 13-ին հայկական եթերով հեռարձակվող «Պատմության դասեր» հաղորդաշարին հյուրընկալած հյուրերից երկուսին, ովքեր, իբր փորձելով օբյեկտիվորեն վերլուծել պատմական իրադարձությունները, հակված էին այն մտքին, թե մենք բացարձակ դատարկ տեղը հերոսացրել ենք Մամիկոնյանին, սրբադասել, միֆականացրել նրա կերպարն ու չենք ցանկանում ճշմարտությանն ուղիղ հայցք նետել' գերադասելով արյունը բանակցություններից:


Չցանկանալով ավելորդ անգամ հեռակա բանավեճի մեջ մտնել նման տեսակետ ունեցողների հետ (անգամ 6-րդ դասարանցին կարող է նրանց կեղծ փաստարկները ճշգրիտ ու օբյեկտիվ հակափաստարկներով զրոյացնել)'կցանկանայինք, այնուամենայնիվ, մի շատ հետաքրքրական ու խոսուն փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը. անհեթեթ պարադո՞քս է, թե՞ լավ մտածված օրինաչություն, փաստ է, որ ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը կանգնում է պատմական որոշումներ կայացնելու ու դրանով իսկ սեփական պատմության նոր էջը կերտելու շեմին, հանկարծ ասպարեզ են իջնում անհասկանալի դեմքեր, որոնք ջանասիրաբար փորձում են հարցականի տակ դնել մեր հերոսների հեղինակությունն ու դիվանագիտությանը կեղծավորաբար հղում տալով(վստահաբար չեն էլ հասկանում' ինչ է դա)' տրորում մեր ազգային ոգին, նսեմացնում ազգային-ազատագրական մեր պայքարը:


Բացառություն չէ և ներկան, երբ պայմանավորված ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող հախուռն գործընթացներով' կրկին փաստացի կանգնած ենք լինել-չլինելու եզրին: Երբ, ասենք, Զախարովան է փորձում նսեմացնել նույն Նժդեհին, թեկուզ և ցավ ենք ապրում, բայց ինչ-որ տեղ ըմբռնումով ենք մոտենում. օտար է, կասի ու կանի այն, ինչն իր շահերից է բխում: Բայց երբ սազը ձեռքներին' որոշ վայ մտավորականներ են սկսում բարբառել ակնհայտ հակահայկական թյուրիմածություններ, այս վճռորոշ պահին ակնհայտորեն նպատակամիտված կերպով փորձելով կոտրել մեր ժողովրդի մարտական ոգին, անասելի ցավ ես ապրում ու հասկանում, որ ոմանք դեռևս խակ ենք մնացել, հերոսածին հայրենիքի արժեքը՝ չըմբռնած, պատրաստ' հարկ եղած դեպքում և սրբությունը ոտնատակ տալու:

 

Իսկ հիմա հարց նմաններին. եթե ազերիները Վարդան ծնած լինեին, եթե ազերիները հանուն իրենց սկզբունքների ու ասենք իսլամի սրբազան պատերազմ մղած լինեին, նույն կե՞րպ էին արժևորելու իրենց արածը, ինչպես որ մեզանից ոմանք հիմա, նսեմացնելո՞ւ էին իրենց հերոսներին, թե՞ ընդհակառակը, դեռ մի բան էլ կատարվածը ճոխացնելու էին ու աշխարհով մեկ օր ու գիշեր գովազդելու: Չեղած պատմությունով ու իրենց անարմատ գոյությամբ կարողացել են այնպես աշխարհին հրամցնել կեղծ ճշմարտությունը, որ հիմա աշխարհը ղարբաղյան խնդրն այլևս դիտարկում է լոկ տարածքային վեճ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև' մոռացության տալով խնդրի իսկությունը, տրվելով ազերիների կեղտոտ, բայց դյութիչ խաղերին:


Այսքանից հետո ակնհատ է դառնում մեկ բան' մեզ նպատակամղված կերպով փորձում են համոզել,որ հողեր հանձնելը կարող է ղարաբաղյան խնդրի լուծում լինել, փորձում են վասակների օրինակով դավաճանի, թույլի ու մորթապաշտի հոգեբանություն ձևավորել հասարակության մեջ' այդկերպ հող նախապատրաստելով ապագա տարածքային զիջումների համար. թույլ չենք տալու, թո՛ղ հույս չունենան…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ