Հուլիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկոն, որը նվիրված էր հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Համերգը կրում էր «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը: Նշենք, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը:

 

Համերգը մեկնարկվեց «Էշխեմեդ» ստեղծագործությամբ, որից հետո նվագախմբին միացան արդեն հայտնի և սիրված ժողովրդական երգիչներ Էդգար Խաչատրյանը, Մոնիկա Նազարյանը, Արմեն Դավթյանը, Լուսինե Գասպարյանը և Սմբատ Խալաթյանը:
Իր ավագ ընկերներին ողջունելու էր եկել նաև «Նարեկացի» արվեստի միության մանկապատանեկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է թառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը:

 

Ողջյունի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

 

«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան, մի աստվածատուր տաղանդ…»:

 

Հանդիսատեսի շարքերում էին Գևորգ Դաբաղյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արա Գևորգյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Վաչագան Նավասարդյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ…

 

Հանդիսատեսը ողջ ընթացքում երաժշտական կատարումներն ունկնդրեց համակ ուշադրությամբ, հիացմունքով և հպարտությամբ: