«Արևիկ» ազգային պարկի տարածքում հուլիսի 13-ի կեսօրից բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են, կվերսկսվեն հուլիսի 15-ին՝ ժամը 3:00-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը 50 հա տարածքում, մոտ 100 հա ինքնամարվել է: Այս պահին այրվում է 50 հա բուսածածկ տարածք: Ժամը 16.41-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են ու կվերսկսվեն հուլիսի 15-ին ժամը 03.00-ին:

 

Հուլիսի 13-ին՝ ժամը 14.43-ին, ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել էր, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող եւ տեղի 15 բնակիչներ: