Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, այս մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության մեջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: Մասնավորապես, ասվում է, որ չնայած Անի քաղաքի հիմնադրման վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան, այնուամենայնիվ, հայտնի է, որ քաղաքը բնակեցվել է ուրարտական ժամանակաշրջանում' մ.թ.ա առաջին հազարամյակի առաջին կեսին:

 

«Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: Իր նոր կարգավիճակով քաղաքն ընդարձակվեց' ամրոցից վերածվելով թագավորական նստավայրի: 10-11-րդ դարերում Գագիկ Առաջինի գահակալության տարիներին քաղաքն աննկարագրելիորեն բարգավաճում է' դառնալով մշակութային, կրոնական, տնտեսական կարեւոր կենտրոն: Հենց այս ժամանակահատվածում է, որ հանրահայտ Տրդատ ճարտարապետը կառուցու մ է Անիի Մայր տաճարը եւ Սուրբ Գրիգոր դամբարան-եկեղեցին»,- ասված է կայքում:

 

Կայքում նաև նշվում է, որ հայոց արքա Գագիկ Առաջինի գահակալությունից հետո քաղաք են ներխուժել վրացիները, արաբները եւ բյուզանդացիները: 1045 թվականին բյուզանդացիները գրավում են քաղաքն, իսկ 1064 թվականին այն նվաճում են սելջուկ թուրքերը:

 

«Անիի տարածքում բազում եկեղեցիների առկայության պատճառով այն ստացել է «1001 եկեղեցիների քաղաք» անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12-13-րդ դարերում: Սկիզբ առնելով դեռեւս 989 թվականին Սմբատ Բագրատունու գահակալության օրոք' Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու շինարարությունը ավարտին հասցվեց 1001 թվականին Սմբատ Բագրատունու հետնորդներից' Գագիկ Առաջինի կնոջ Կատրամիդե թագուհու շնորհիվ»,- նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստն անցկացվում է Ստամբուլում: Կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտգործնախարարության մշակույթի եւ զբոսաշրջության գծով գլխավոր ղեկավար, դեսպան Լալե Ուլկերի գլխավորությամբ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են տարբեր երկրների կողմից ներկայացված բազմաթիվ հայտեր, որոնցից մեկը ներկայացրել է հենց Թուրքիան'ցանկանալով ներառել հայկական Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: