Հայկական լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն լուսաբանում հայ գրողների հաջողություններն արտասահմանում: Նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը' հավելելով, որ գրահրատարակչական ոլորտում արձանագրված հաջողությունները անկախության տարի ների կարևոր ձեռքբերումներից են:

 

«Տասնյակ հեղինակներ են հրատարակվել օտար լեզուներով տարբեր երկրներում, կան հեղինակներ, որոնց ոչ թե մեկ, այլ մի քանի գրքերն են հրատարակվել, ուստի դժվար է բոլորի անունները թվարկել»,- շեշտեց Միլիտոնյանը:

 

Նրա խոսքով' վերջին հինգ տարվա ընթացքում հայաստանաբնակ հայ գրողների ստեղծագործություններն ավելի շատ են հրատարակվում օտար լեզուներով, քան խորհրդային տարիներին:

 

Գրողների միության նախագահը նշեց, որ օտարերկրյա հրատարակություններում ընդգրկված են թե’ հայ դասականների, թե’ տարեց և երիտասարդ գրողների ստեղծագործությունները:

 

Միլիտոնյանը նաև շեշտեց, որ արտերկրում հրատարակված գրքերը նաև Հայաստանում են հաջողություններ ունեցել' արժանանալով տարբեր մրցանակների: