«ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերության հետ կապված միանգամից երկու քրեական գործի դատավարություն է ընթանում Վեդիի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Սովորաբար ընկերությունից գողություն կատարում են ցածր վարձատրության կամ այլ պատճառով նրանից դժգոհ աշխատակիցները: Դժվար է ասել' սա հենց այդ դե՞պքն է, թե ոչ, բայց նախաքննությամբ պարզվածը հետևյալն է:
Խաչիկ Նահապետյանը, ըստ մեղադրական եզրակացության, աշխատելով Արարատ քաղաքում գործող «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունում որպես փականակագործ, 2015թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 14-ի սահմաններում, ընկերության աղացման արտադրամասում աշխատանքներ կատարելիս, փորձել է գաղտնի հափշտակել 294 102 դրամ արժողության ոսկու հումքի խտանյութ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել' բռնվել է ընկերության անվտանգության աշխատակցի կողմից: Ոսկու մանր գողերին մեր երկրում միշտ էլ այդ ճակատագիրն է սպասվում, իսկ ոսկու խոշոր գողերի բռնվելու, բացահայտման մասին քանի՞ դեպք է հայտնի… Միայն թե չասենք նրանց բախտը բերում է, չեն նկատվում, այստեղ խնդիրը բախտին չի վերաբերվում:
Մյուս քրեական գործը վերաբերվում է մի ողբերգության, որը, կարծում ենք, տեղի չէր ունենա, եթե հիշյալ ընկերությունում կարգապահությունը դրված լիներ պատշաճ մակարդակի վրա: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ
Կարեն Կիրակոսյանն աշխատելով «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերության' Արարատ քաղաքում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկայում որպես կամրջակային կռունկի օպերատոր, նույն արտադրամասում 2015թ. նոյեմբերի 2-ին, ժամը 12:30-ի սահմաններում խախտել է, ինչպես նաև ոչ լիարժեք է կատարել կամրջակային կռունկի տեխնիկական անձնագրի, «Աղացման արտադրամասի կամրջակային կռունկի օպերատորի աշխատանքային նկարագիր» փաստաթղթի և «Կռունկավարների կողմից կամրջակային և այծիկային կռունկների անվտանգ շահագործման» հրահանգի պահանջները:
Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Կ. Կիրակոսյանն անփութորեն չի կատարել աղացման արտադրամասում իր կողմից շահագործվող կռունկի մանրակրկիտ զննում, ներառյալ' բոլոր դժվարհասանելի հատվածների, չի ստուգել կռունկի բոլոր միացումների ամրությունները և չի նկատել կռունկի վերնամասում դրված տախտակը, նման պայմաններում իրականացրել է կռունկի շահագործման իր պարտականությունները, ինչի արդյունքում նշված տախտակն ընկել է ներքևում աշխատող նույն ընկերության փականագործ Արթուր Մկրտչյանի գլխին: Վերջինիս գլխուղեղի կենսական կարևորագույն գործառույթների սուր խանգարման հետևանքով 10.11.2015թ. նոյեմբերի 10-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է:
Վերը նշված արարքների համար Խաչիկ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 37-177-րդ հոդվածի (գողության հանցափորձը) 1-ին մասի, իսկ Կարեն Կիրակոսյանին' 109-րդ հոդվածի («Անզգուշությամբ մահ պատճառելը») 1-ին մասի հատկանիշներով: