Հայաստանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հասարակական-քաղաքական շրջանակներում ծավալված քննարկումները շարունակվում են ողջ թափով:
Խնդրի վերաբերյալ իրենց տեսակետներով հանրության առաջ ակտիվորեն հանդես են գալիս ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական գործիչներ, որոնք փորձում են սեփական տեսլականով կիսվել հանրության հետ այս օրախնդիր հարցի վերաբերյալ:
Օրերս խնդրի շուրջ մամուլի ասուլիսով հանդես էր եկել ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, ով, ըստ էության, փորձելով հասկանալ հասարակության «բեյնի գոլը», արտահայտել էր մտքեր, որոնք, մեղմ ասած, ոչ մի կերպ չեն կարող տեղավորվել մարդկային առողջ բանականության սահմաններում:
Նա, խոսելով հնարավոր փոխզիջումների մասին, մասնավորապես, հայտարարել էր, թե կարելի է և ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ ԼՂՀ անկախության դիմաց ու հավելել, թե եթե Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տա՛նք: Այն, որ Լեռնիկ Ալեքսանյանն երբեք էլ առանձնապես չի փայլել յուր մտքի գոհարներով, հանրահայտ ճշմարտություն է. բացառիկ դեպքեր կարելի է հիշել, երբ սույն դեմքի արտահայտած որևիցե միտք կամ գաղափար աչքի ընկած լինի ներքին հստակ տրամաբանությամբ ու բովանդակությամբ:
Տեսնես, երբ իրեն աշխարհով մեկ Գարեգին Նժդեհի համախոհ հռչակած այս մարդը որոշում է խոսել, արտահայտվել, մի՞թե նախապես սեփական ուղեղում ինքն իրեն հաշիվ չի տալիս' ի՞նչ կմտածեն իր ու իր կողմից ներկայացվող կուսակցության մասին հանրության շրջանում:
Ի՞նչ է, գրո՛ղը տանի, նշանակում`Աղդամը տանք, որպեսզի Ալիևը ճանաչի ԼՂ անկախությունը: Հիմա Ալեքսանյանը մե՞զ է հիմարի տեղ դնում, թե՞ Ալիևին: Մի՞թե նա չգիտի, որ թեկուզ սեփական ձեռքերով Երևանն էլ տա ազերիներին, Ալիևը երբեք ու ոչ մի պարագայում հոժարակամորեն չի ճանաչելու ԼՂ անկախությունը. էդ մարդը հազար անգամ կանգնել ու աշխարհով մեկ հայտարարել է' Երևանը ադբեջանական պատմական հող է: Ի՞նչ է, Լեռնիկ Ալեքսանյանը չգիտի՞ դրա մասին, որ հիմա փորձելով կատարել իր տերերի քաղաքական պատվերը, փորձելով «իրա մոմենտներով» իբր համապատասխան ինստրուկտաժի ենթարկել ազգաբնակչությանը, կանգնել ու նման պարտվողական ու սինլքոր հայտարարոթյամբ է հանդես գալիս:
Դե, եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, եթե Աղդամը տայինք ու կարողանայինք, ասենք, վերականգնել հայոց հին թագավորությունը, տայինք, ի՞նչ վատ կլիներ: Ասենք Աղդամը տայինք ու աշխարհահռչակվեինք «ծովից ծով Հայաստան» ու պրծնեինք, բա էլ ինչու՞ ենք ավելորդ անգամ մեր զավակների արյունով ոռոգում Արցախի սուրբ հողը, էլ ինչո՞ւ ենք այսքան զրկանքների գնում`բանակը հիմնավորապես բարեփոխալու համար…
Ի գիտություն Լեռնիկ Ալեքսանյանի ու նրան մամլո ասուլիսի գործուղածների' ազատագրված 7 շրջանները ոչ այնքան երաշխիքն են Արցախի անվտանգության, որքան' Հայաստանի Հանրապետության. այդ տարածքների ազատագրումը հենց այն բանի համար էր ժամանակին նախաձեռնվել, որպեսզի մարդկանց ֆիզիկական գոյությանն այլևս ոչինչ չսպառնար: Ա՛յ, երբ ՄԱԿ-ի կողմից Հայաստանին ու Արցախին կներկայացվեն համարժեք անվտանգության երաշխիքներ, այդ դեպքում, միգուցե, իմաստ կունենա որոշակի զրույց վարել, բայց քանի դեռ ամեն բան այնպես է, ինչպես եղել է վերջին տասնամյակներին, ապա Ալիևն իր ծոծորակը կտեսնի, բայց տարածքների հանձնում չի տեսնի երբեք. սա ողջ հայության գոյության հարցն է, այլ ոչ թե` Լեռնիկ Ալեքսանյանի…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ