Անցած գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: Հարևան երկրի համար սա նորություն չէ, Թուրքիայի պատմության ընթացքում տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման կամ միջամտության հինգերորդ փորձն էր: 2003 թվականին իշխանության եկած չափավոր իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ռաջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ փորձել է հետևողականորեն սահմանափակել բանակի քաղաքական դերը, նրա սահմանադրական կարգավիճակը: Այդուհանդերձ, անցած գիշերվա իրադարձությունները ցույց տվեցին, որ թուրքական բանակում քիչ չեն մարդիկ, ովքեր դժգոհ են Էրդողանի քաղաքականությունից և պատրաստ են դիմել ծայրահեղ գործողությունների: Իշխանություններին ուղղված մեղադրանքները հայտնի են` ավտորիտարիզմի ձգտում, հասարկությունն իսլամականացնելու փորձ, ձախողումներ արտաքին քաղաքականության մեջ: Անցած գիշեր հատկապես անհանգիստ են եղել Անկարա, Ստամբուլ, Մարմարիս քաղաքները, որի հյուրանոցներից մեկում գտնվել է նախագահ Էրդողանը:
Օդում և ցամաքում ընթացել են մարտեր, զոհվել է առնվազն 90 մարդ, 1500-ը ձերբակալվել է, 5 գեներալ, 23 գնդապետ ազատվել աշխատանքից: Ըստ ամենայնի, պաշտոնական Անկարայի հաղորդագրությունները հավաստի են և ռազմական հեղաշրջման փորձը ձախողված է: Ի դեպ, հեղաշրջման զարգացման առաջին ժամերին Էրդողանը sms-ով դիմել էր քաղաքացիներին` վերջիններիս կոչ անելով դուրս գալ փողոց:
Հասարակությունն աջակցեց նախագահին` անխուսափելի դարձնելով ռազմական հեղաշրջման պարտությունը: Սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, հեղաշրջման տապալումը բերելու է ավտորիտարիզմի խորացմանը: Անկասկած է, որ հիմա Էրդողանն ավելի կարագացնի սահմանադրական փոփոխություների գործընթացը, որն, ըստ էության, անձնիշխանության հաստատման նախադրյալներ է ստեղծում: Բացի այդ, իշխանությունները հայտարում են, որ խռովարար զինվորականներին ուղղորդել է Էրդողանի քաղաքական ախոյանը `ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հաստատված Ֆեթուլահ Գյուլենը: Սա հարմար պատրվակ է, որպեսզի երկրում մասսայական ձերբալակություններ կատարվեն` ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ: Բացի այդ, Անկարայի պաշտոնական շրջանակներում սաստկանալու է հակարևմտյան հռետորաբանությունը: Այս ամենն իսկը ներդաշնակ է ռուս-թուրքական նոր մերձեցմանը: Պատահական չէ, որ արևմուտքում շատերը նմանություն են տեսնում Պուտինի և Էրդողանի կերպարների միջև:
Սարգսի Հակոբյան