1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ժամեր անց Երևան էր ժամանաել ռուսական հատուկ նշանակության «Ալֆա» խումբը: Դժվար չէ կռահել, որ այս խմբի հիմնական առաքելությունն այն էր, որպեսզի գրոհով վերցվի խորհրդարանի շենքը:
Այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, բանակի գեներալիտետի ջանքերով «Ալֆայի» ներխուշումը կանխվեց: Հակառակ դեպքում` ահաբեկիչների հետ միասին կզոհվեին պատանդի կարգավիճակում հայտնված մարդիկ:
Բնական է, որ այս օրերին քաղաքացիների մեծամասնությունն ավելի վճռական գործողություններ է ակնկալում մեր ուժային մարմիններից: Առայժմ նպատակահարմար չէ համապարփակ գնահատական տալ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակում գործած մարդկանց գործողություններին: Տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է, իսկ ահաբեկչությունը՝ հատկապես եղբայրասպանությունը, զազրելի բան է: Կարծեք թե, ամեն բան ասված է, թեև այս թեմայով ասելիք լինելու է և առաջիկայում անպայման կհնչեցվի:
Կասկած չկա, որ մեր ԱԱԾ-ն, Ոստիկանությունն ունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ, վճռականություն՝ հարձակումով ահաբեկիչներին վնասազերծելու համար: Իշխանությունն առայժմ նման քայլի չի գնում՝ հումանիզմից ու բանականությունից ելնելով: Մարդու կյանքն ահաբեկիչների համար արժեք չունի, սակայն պետության քայլերը պետք է մարդակենտրոն լինեն, մարդու կյանքը գերագույն արժեք է: Այս օրերին հենց այսպես են մտածում մեր ուժային կառույցները` ահաբեկիչների վնասազերծման կտրուկ գործողություններ չձեռնարկելով: Գնդի տարածքում գտնվող ահաբեկիչների մոտ զենքի և ռազմամթերքի մեծ քանակություն կա: Ըստ այդմ, ահաբեկիչների հնարավոր գործողությունները կարող են անմիջական վտանգի տակ դնել ոչ միայն պատանդներին, այլևս դրսում գտնվողների կյանքն ու առողջությունը:
Քանի կա բանակցությունների ու խաղաղ հանգուցալուծման հնարավորություն, ապա պետք է օգտվել դրանից՝ մարդկային կյանքեր փրկելու նպատակով:
Այս ահաբեկչության նպատակով առանց այն էլ շատ թանկ ենք վճարում: Այլևս մեզ հետ չէ գնդապետ, արցախյան առաջին և քառօրյա պատերազների մասնակից Արթուր Վանոյանը: կարող ենք կողմ և դեմ լինել Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը: Սակայն այսօր պարտավոր ենք վստահել իշխանությանը, մանավանդ դրա քայլերն ուղղված են տեղի ունեցածի խաղաղ հանգուցալուծմանը,կարևորը մարդկային կյանքներ փրկելն է:
Սարգիս Հակոբյան