Թուրքիայի սոցիալական ապահովության խորհուրդը որոշում է կայացրել չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին թոշակից և սոցիալական ապահովության բոլոր իրավունքներից զրկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին հեղաշրջման տապալված փորձի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:

 

Նախատեսվում է, որ այս որոշումը տարածվելու է նաև ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած մասնակիցների վրա:

 

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով' սպանվել է 290 մարդ, որից 100-ը' խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է: