ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը.


-Պարոն Վարդանյան, արդեն 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավել է ՊՊԾ գունդը և պատանդներ է պահում այնտեղ, սակայն հարցի լուծման գոնե տարբերակներ չեն նկատվում: Ինչպե՞ս պետք է դուրս գանք ստեղծված իրավիճակից:


-Ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար կողմերը պետք է գնան փոխզիջումների, այլապես մեծ է հավանականությունը, որ կլինի բախում՝ դրանից բխող հետևանքներով: Կարծում եմ` ամենառացիոնալ տարբերակն այն կլինի, որ իշխանությունը բանտից ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին՝ դրա փոխարեն ՊՊԾ գունդը գրավածներն ազատ արձակեն պատանդ վերցված ոստիկաններին և լքեն գնդի տարածքը: Իհարկե, իրավական առումով դա մի քիչ դժվար կլինի, բայց մենք ապրում ենք Հայաստանում, և իշխանությունների մեծ ցանկության դեպքում հնարավոր կլինի գտնել համապատասխան մեխանիզմներ:

 

-Այս դրությունը կարծես ավելի է բարդանում, խաղից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում բավականին վատ արտահայտվեց փողոց դուրս եկած մարդկանց մասին` շեշտելով, որ նրանց թվում հարբածներ և «այլ բաներ օգտագործած մարդիկ» կային, այդպիսով, կարծես, ամբոխի որակում տվեց հավաքվածներին: Ինչքանո՞վ եք ճիշտ համարում այս իրավիճակում նման գնահատականներ հնչեցնելը:


-Չեմ կարծում, թե «ամբոխ» ասելով Փաշինյանը Խորենացի փողոցում գտնվող բոլոր մարդկանց նկատի ուներ: Այնտեղ կան նաև իրավագիտակից քաղաքացիներ, այդ թվում նաև իր կողմնակիցներ՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամներ: Իհարկե, կան նաև հարբածներ, թմրամոլներ, ոչ ադեկվատ մարդիկ, և դա նորություն չէ: Իշխանությունները միշտ էլ նման շարժումների ժամանակ այդպիսի մարդկանց են խցկում ցուցարարների մեջ, որպեսզի փողոցը վերահսկելի լինի և շարժումները իրենց ուզած հունով տանեն: Կարծում եմ, ամբոխ որակելով, նա հավանաբար նկատի ուներ հենց այդ մարդկանց, որոնք անկառավարելի են և հակված բռնությունների:

 

-Նիկոլի հեռացումը ի՞նչ հետևանքների կհանգեցնի, և արդյո՞ք նրա ներկայությունը իրավիճակը կփոխեր Խորենացի փողոցում:


-Փաշինյանի հեռացումը Խորենացի փողոցից մեծացնում է բախումների հավանականությունը: Այժմ շարժումն այդ փողոցում չունի ընդգծված լիդեր, լիքը կասկածելի մարդիկ կան ցուցարարների մեջ, իշխանությունն ամեն վայրկյան կարող է խլրտումներ մտցնել նրանց շարքերում ու իր ուզած հունով տանել այն: Բարեբախտաբար, անցած գիշեր հաջողվեց խուսափել սադրանքներից և բախումներ չարձանագրվեցին: Իսկ Փաշինյանին հաջողվում էր կողմերին զերծ պահել բախումներից: Չմոռանանք, որ հուլիսի 20-ի բախումը սկսվեց այն ժամանակ, երբ նա կարճ ժամանակով բացակայեց այդտեղից: 

 

-Այս քանի օրվա ընթացքում մի քանի անգամ պայքարի օրակարգի փոփոխություն տեղի ունեցավ' նախ իշխանափոխություն, հետո Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում, ապա սննդի հարց: Ամենայն հավանականությամբ, երեկ Վիտալի Բալասանյանը լուծեց սնունդով ապահովելու հարցը, ո՞րն է նրա դերը այս պայքարում:


-Վիտալի Բալասանյանը մեծ հարգանք է վայելում գունդը գրաված անձանց մոտ, ինչի մասին խոստովանեցին նաև նրանցից մի քանիսը: Կարծում եմ, Բալասանյանը կփորձի կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար միջնորդ դառնալ, բայց կստացվի՞ դա նրա մոտ, թե ոչ՝ չգիտեմ: Մանավանդ, որ Պավլիկ Մանուկյանը և նրա կողմնակիցները հայտարարել են, որ իրենց անունից իշխանությունների հետ կարող է բանակցել միայն Ժիրայր Սեֆիլյանը:

 

-Այսպիսով, ի՞նչ պետք է անեն իշխանությունները, որպեսզի առանց արյունահեղության ՊՊԾ-ն ազատվի:


-Իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան, որպեսզի հնարավոր լինի առանց արյունահեղության խնդիրը լուծել: Առաջին հերթին պետք է բանտից ազատվի Ժիրայր Սեֆիլյանը: Նախ այն պատճառով, որ նա ՊՊԾ գունդը գրավածների համար անառարկելի հեղինակություն է, երկրորդ՝ նրա կալանավորման համար բերված հիմքերը շատ թույլ էին և հասարակության մի ստվար զանգվածի համար անընդունելի: Նրան ազատելուց հետո կողմերը պետք է փոխզիջումների ճանապարհով խնդիրը լուծեն, այլապես բախումների հետևանքով տուժելու են բոլորը՝ և' իշխանությունը, և' Սեֆիլյանի կողմնակիցները, և' Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես: Իր հերթին հասարակությունը, փողոց դուրս գալով և խաղաղ ակցիաներ անցկացնելով, պետք է իշխանությունների վրա ճնշում գործադրի, որպեսզի վերջինս չգնա կոնֆլիկտի լուծման ռազմական միջոցների:

 

Նելլի Ավետիսյան