Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

 

Նիստում քննարկվել է Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում ՀՎԿ կառավարման խորհուրդն ընդունել է հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս, գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում վաղուց հասունացել է արմատական և կտրուկ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, դատա-իրավական, պաշտպանական և մնացած բոլոր ոլորտներում: Կուտակված բազմաթիվ խնդիրները, իշխանությունների կողմից դրանց անտեսումը, շատ հաճախ՝ լուծումներ առաջադրելու անկարողությունը, ամենուր տիրող անարդարությունը, տնտեսական ու քաղաքական մենաշնորհը, կոռուպցիան ու հովանավորչությունը երկրում ստեղծել են բարոյահոգեբանական պայթյունավտանգ իրավիճակ՝ ինչը ծայրաստիճան սրել է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության սպառնալիքները, որի թարմ ապացույցն է ապրիլյան քառօրյա պատերազմը և այս օրերին Երևանում և հանրապետությունում ծավալվող իրադարձությունները:

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը համոզված է, որ ստեղծված իրավիճակը նաև ուղղակի և անուղղակի հետևանքն է կուտակված վերը շարադրված հիմնախնդիրների՝ իշխանությունների կողմից անտեսմանը:

 

ՀՎԿ-ն կրկին վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ եկել է կանգ առնելու և Հայաստանում արմատական, շրջադարձային փոփոխություններ կատաելու ժամանակը, ինչը, նախևառաջ, պայմանավորված է իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորմամբ:

 

Միևնույն ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընդունելի չի համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ քաղաքական միջոցների կիրառումը՝ առավել ևս, որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների և ողբերգական հետևանքների: Մենք մերժում և դատապարտում ենք երկուստեք բռնության ցանկացած դրսևորում: Կուսակցությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հարգել քաղաքացիների օրինական իրավունքներն ու ազատությունները՝ անընդունելի համարելով ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ոչ համաչափ ուժի ցանկացած կիրառում՝միևնույն ժաման ժամանակ դատապարտելով առանձին քաղաքացիների հրահրիչ և սադրիչ գործողությունները:

 

Հաշվի առնելով արդեն իսկ ստեղծված իրավիճակը՝ Հայկական վերածնունդ կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, չտրվել սադրանքներին, խուսափել արյունահեղությունից՝ խնդիրը լուծելով բացառապես բանակցությունների միջոցով, որին իր ամբողջ ներուժը պատրաստ է ներդնել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

 

Կուսակցության անդամ պատգամավորները և քաղաքական ակտիվիստներն իրենց ամենօրյա ներկայությամբ և զրույցներով փորձել և փորձում են լիցքաթափել իրավիճակը: Մենք եղել և մնում ենք հաստատուն կողմնակիցը այն մոտեցման, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով և ափսոսանք ենք հայտնում , որ խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից հավանության չարժանացավ մեր պատգամավորների առաջարկը' ԱԺ տարբեր խմբակցությունների ներգրավմամբ խմբի ձևավորումը' բանակցային գործընթաց նախաձեռնելու և կազմակերպելու համար: Խնդրի հանգուցալուծման համար կարևոր դերակատարում կարող է ունենալ նաև հայտնի մտավորոկանների և դաշտային հրամանատարների կողմից ձևավորված ապաքաղաքական բանակցային խումբը:

 

Միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում տարբեր անհատների և ուժերի կողմից դիվիդենտներ շահելու նպատակով տեղի ունեցածի շահարկման և կրակի վրա յուղ լցնելու փորձերը և կոչ ենք անում զգոնություն ու հանդուրժողականություն ' ծայրաստիճան լարված իրավիճակը հանգուցալուծելու համար»: