Պարոն նախագահ, նախ, ինչպես և Դուք, ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Ձեզ եմ դիմում այն իրողության հստակ գիտակցմամբ, որ ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով մեր երկիրն այժմ գտնվում է իր պատմության, իրոք, դժվարին և պատասխանատու շրջանում: Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է լրջագույն փորձության առջև, որից խոհեմ և առանց որևէ նոր զոհի դուրս գալը դարձել է ներկայիս թիվ մեկ հրամայականը: Կարծում եմ, սխալված չեմ լինի եթե ասեմ, որ նշածս հրամայականը մեր ողջ կամ գրեթե ողջ ժողովրդի պահանջն է:

 

Դուք որպես ՀՀ նախագահ և ստեղծված իրավիճակի համար ամենամեծ պատասխանատվությունը կրող անձ, առաջինն եք կանգնած վերոնշյալ փորձության առջև, Ձեր կյանքի թերևս մեծագույն փորձության: Հիշյալ հրամայականի կատարումը Ձեզ համար պատվի ու խղճի խնդիր լինելուց բացի, կարող է նաև բախտորոշ լինել Ձեր ու Ձեր ղեկավարած կուսակցության քաղաքական ապագայի առումով, և երկրի ապագայի առումով ընդհանրապես…

 

Անկեղծ ասած, դիմում եմ նաև առնձնակի հույս չունենալով, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը միտված առաջարկս Ձեզ համար ընդունելի կլինի, բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մահանում:

 

Հուսով եմ, չեք կասկածում ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված, ՀՀ ոստիկանության պետի տեղակալին ու մյուսներին պատանդ վերցրած ազատամարտիկների համարձակությանը, սկզբունքայնությանը, վճռականությանը: Եթե Արցախյան գոյամարտի վառ անհատականություններից մեկը' հանրահայտ ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը (Պավել Մանուկյան) հայտարարում է, որ ինքն այնտեղ է իր որդու հետ և իրենց պահանջների չկատարման դեպքում պատրաստ են մահապարտվելու, ապա չեմ կասկածում, որ նա, Աստված մի արասցե, ծայրահեղ դեպքում իր խոսքի տերն է լինելու: Դուք էլ, պարոն նախագահ, կարծում եմ, չեք կասկածում, որ Ձեր երբեմնի մարտական ընկերն իր խոսքի տերն է լինելու:

 

Միաժամանակ շատ լավ գիտակցում եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ գնով էլ լինի, Դուք ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձանց պահանջները չեք կատարի' հրաժարական չեք տա, ոչ էլ Ժիրայր Սեֆիլյանն ազատ կարձակվի:

 

Գրոհը որքան էլ անակնկալ և գրագետ կազմակերպված լինի, հիշյալ գնդի տարածքը մեծ է, այնտեղ մեկ սենյակ ու մեկ շինություն չէ, դրանք գրաված, շատ լավ զինված մեծաթիվ մարդիկ կան, նրանց թվում նաև' մարտական մեծ փորձ ունեցող անձինք, հետևաբար դժվար թե հաջողվի խուսափել բազմաթիվ զոհերից, ինչի հասարակական և քաղաքական արձագանքը Ձեր և ՀՀԿ-ի համար կարող է վերածվել արագ կամ դանդաղ գործողության ականի:

 

Տղաներն իրենց խոսքից հետ չեն կանգնի, Դուք նրանց պահանջները չեք կատարի, գրոհի դեպքում մեծաթիվ զոհերից խուսափելու երաշխիք չկա, ներկայիս վիճակն էլ, չգիտեմ, կարելի՞ է շարունակել մինչ 2018թ. նախագահական ընտրություններ, որից հետո ՀՀ նախագահը Դուք չեք լինի, հետևաբար Ձեր հրաժարականի պահանջը կդառնա այլևս անիմաստ: Ստացվում է, որ պատային իրավիճակ է առաջացել, որից որպես ելք առաջարկում եմ հետևյալը.

 

ՊՊԾ գնդի տարածքն ու շինությունները գրաված անձինք իրենց հիշյալ պահանջների չկատարման դեպքում կարող են խաղաղ կերպով հանձնվել միայն այն դեպքում, եթե իմանան, որ իրենց մեծ զոհողությունը (հանձնվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, ցմահ ազատազրկում) իզուր չեղավ, դրանով լուծվեց ազգային շատ կարևոր նշանակություն ունեցող գոնե մեկ խնդիր: Այդպիսի թերևս միակ խնդիրը, որն այսօր առավել հուզում ու մտահոգում է, կարծում եմ, բոլոր ազատամարտիկներին և գրեթե ողջ ժողովրդին, ոչ միայն մեր պատմական հայրենիքը, այլև Արցախի անվտանգության անփոխարինելի երաշխիքը և ԼՂՀ Սահմանադրությամբ նրա անբաժան մասը հանդիսացող, մեծ արյան, մեծաթիվ կյանքերի ու զոհողությունների գնով մեր զինվորների, սպաների ազատագրած տարածքները պահելն է, մեր թշնամուն' Ադրբեջանին չհանձնելը:

 

Գրեթե վստահ եմ, որ նշված տարածքները, անկախ ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումից և իրացումից, Ադրբեջանին չհանձնելու վերաբերյալ Ձեր հրապարակային հայտարարությունը միայն կարող է զինված խմբի անդամներին համոզել' վայր դնելու զենքերը և հանձնվել, հետևաբար խնդրում եմ Ձեր մարդկանց միջոցով բանակցեք նրանց և Ժիրայր Սեֆիլյանի հետ, նախապես նրանց հետ տղամարդկային պայմանավորվածություն Ձեռք բերեք և հանդես եկեք այդ հայտարարությամբ: Եթե նշված հայտարարությունը բավարար չի համարվի նրանց կողմից, խոստացեք նաև, որ կառավարությունը հրաժարական կտա, երկրում առկա կոռուպցիայի դեմ համարժեք պայքար կծավալվի, կարվեն համապատասխան քայլեր' արդարության հաստատման ուղղությամբ: Ձեր այդ հայտարարությունից հետո, եթե նրանք նույնիսկ շարունակեն չհանձնվել, այլևս կկորցնեն իրենց հասարակական ընկալումը, քաղաքացիների զանգվածային գործողությունների տեսքով արտահայտված և առավելապես լռելյայն առկա այն աջակցությունը, որը մինչ այժմ ունեն (եթե Ձեր ենթակաները Ձեզ այս կապակցությամբ այլ բան են զեկուցում, չհավատաք…):

 

Վերջում կցանկանայի, որ նկատի ունենաք հետևյալը, թեև գուցե գիտեք: Պարոն նախագահ, իմ հայտնագործությունը չէ, ինձանից շատ ավելի խելացի մարդիկ են նկատել սա կամ իմացել այդ մասին' համառորեն կրկնվող մտքերը ուշ թե շուտ նյութականանալու, իրականանալու հատկություն ունեն: Եթե ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց զինված խմբի անդամների սպանությամբ, ապա հավատացեք, որ դա երկրում առկա իրավիճակից, մեղմ ասած, խիստ դժգոհ մարդկանց շրջանում առավելապես ոչ թե վախ ու սարսափ է ծնելու, այլ իշխանության հետ հարաբերություններում, թեկուզ ինքնազոհության գնով, միայն զենքին ապավինելու և վրեժխնդիր լինելու մտքեր, իսկ համառորեն կրկնվող մտքերը, ինչպես նշեցի, ուշ թե շուտ նյութականանալու, իրականանալու հատկություն ունեն: Զենքով հարցեր լուծվո՞ւմ են, թե ոչ' այլ խնդիր է, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, կարևորն այն է, որ դա չլինի մարդկանց միակ ընտրությունը, այլ ընտրություն լինի:

 

Արթուր Հովհաննիսյան
Վերլուծաբան, հրապարակախոս