Խոշոր հեղեղումից շաբաթներ անց Արթիկ քաղաքը վերադարձել է բնականոն կյանքին: Քաղաքի փողոցները մաքրված են, տների բակային տարածքները՝ նույնպես: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արթիկի քաղաքապետի խորհրդական Մելսիդա Կիկոյանը:

 

«Այս ընթացքում հսկայական աշխատանք է արվել: «Մովրովենց ձոր» կոչվող հեղեղատարը և դրա հարակից տարածքն ամբողջությամբ մաքրված են: Մաքրված են նաև տների բակային տարածքները: Հեղեղն իր հետ բերել էր հսկայական քարեր, տիղմ, ավազ: Որտեղ հնարավոր է եղել տեխնիկա մտցնել, այդ տարածքներն ամբողջությամբ մաքրվել են: Այս պահի դրությամբ շարունակվում են նաև «Բմբուլենց ձոր» կոչվող հեղեղատարի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով: Այս հեղեղատարը նույնպես խցանվել էր»,-ասաց Մելսիդա Կիկոյանը:

 

Հաջորդ փուլը հեղեղատարերի հիմնանորոգման աշխատանքներն են, որոնց համար արդեն մեծ գումարներ են անհրաժեշտ, սպասվում է պետության աջակցությունը: Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա Մելսիդա Կիկոյանը նշեց, որ դրանք բաց են եղել դեռ հունիսի 29-ից, իսկ այն ճանապարհատվածներում, որտեղ կուտակված հողակույտեր են եղել, դա պայմանավորված է եղել գազի խողովակի վերականգնման աշխատանքների հետ: Ներկայում Արթիկում փակ ճանապարհներ չկան:

 

Քաղաքապետի խորհրդականի տեղեկացմամբ՝ թե՛ կառավարության կողմից տրամադրված, թե՛ մասնավոր հատվածի փոխանցած ֆինանսական միջոցները բաշխվել են բնակիչներին:

 

«Բնակիչները ստացել են այդ աջակցությունը: Ոչ մի բնակիչ չի հրաժարվել այդ գումարից, բոլորը ստացել են, բացառությամբ երկու բնակչի, որոնք գտնվում են Ռուսաստանում: Կառավարությունն աջակցություն է տրամադրել ոմանց վնասված տները վերականգնելու համար, ոմանց, որպես փոխհատուցում, կորցրած անասունների կամ բերքի դիմաց: Գումարը բաշխվում է ըստ վնասի չափի»,-ասաց Մելսիդա Կիկոյանը:

 

Հեղումներից հսկայական քարերով ու տիղմով լցվել էին նաև քաղաքի նախակրթարանի և դպրոցի բակային տարածքները: Այդ տարածքները նույնպես ամբողջությամբ մաքրվել են, սակայն մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, պարզ է դարձել, որ նախակրթարանի և դպրոցի կոյուղագծերը վնասված են: Կոյուղագծերի վերականգնման համար աշխատաքներ են տարվում:

 

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները, տները: Հեղեղն իր հետ բերել էր խոշոր չափերի քարեր, տիղմ: