Հայաստանի իշխող կուսակցությունը կարծես որոշել է քանդել լռության պատն ու հանրության հետ կիսվել սեփական խոհերով ու մտքերով՝ կոտրելու համար այն տարօրինակ լռությունը, որ պահպանում էր երևանյան ապստամբության սկզբից ևեթ: Եվ ահա՝ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին կուսակցության հայտնի դեմքերից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, լրագրողների հետ շփման ընթացքում փորձել է պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում էին հանրությանը՝ կապված վերջին դեպքերի հետ:
Պետք է նշենք, որ լրագրողների հարցերին տված պատասխանները հիմնականում ստանդարտ ձևակերպումներ են ունեցել, որոնցից ստացած տպավորություններն, անկեղծ ասած, խիստ հակասական են ու անգամ անորոշ: Օրինակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀԿ-ն ինչու՞ հասցրեց այն իրավիճակին, որ Հայաստանում զենքով փորձեն հարցեր լուծել, Նաղդալյանը պատասխանել է, թե ՀՀԿ-ն չի համարում, որ հասցրել է ինչ-որ մի իրավիճակի՝ շեշտադրելով այն միտքը, թե չի կարծում, որ հիմա նման հարցեր քննարելու ժամանակն է:
Փաստորեն՝ ինչպես պարզ է դառնում տիկին Նաղդալյանի հնչեցրած պատասխանից, բոլոր այն հույսերը, որ հասարակության ճնշող մեծամասնությունը տածում էր՝ կապված վերջին դեպքերի հետ, երբ մարդկանց մի գերակշիռ հատված հույս էր հայտնում, որ գոնե զինված ապստամբությունը խելքի կբերի մեր էլիտարներին, սին դուրս եկան ու խիստ լավատեսական: Իհարկե, Նաղդալյանը խուսափել է անմիջականորեն խոստովանել, որ վերնխավայիններից շատերը, խոշոր հաշվով, թքած ունեն, թե ով ում «կգյուլլի» երևանյան փողոցներում ու ինչին կարող է հասցնել այն ցայտնոտային վիճակը, որ ինչ-որ պահ բնորոշ դարձավ հայաստանյան հասարակությանը, քանի որ շատերի համար տեղի ունեցածն ընդամենը հոլիվուդյան «բոեվիկ» կինոյի արժեք ուներ կամ դրա պես մի բան, բայց նրա խոսքից պարզ է դառնում, որ երկրում ինչ-որ էական փոփոխություններ ու զարգացումներ ակնկալել միայն այն բանի համար, որ հասարակական դժգոհության մակարդակը հասել է իր պիկին, ամենևին էլ չարժի, իսկ կյանքն էլ, ինչպես որ նախաապստամբական շրջանում իր բնականոն հունով ընթանում էր, այդպես էլ շարունակելու է հոսել:
Համաձայնե՛ք, որ գոնե էթիկայի տարրական կանոններից ելնելով՝ Նաղդալյանը կարող էր շեշտել այն միտքը, որ երկրի այսչափ վատ վիճակի համար պատասխանատու է նախևառաջ իշխող Հանրապետականը, բայց այս անգամ ևս, փաստորեն, տիկինը խուսափեց կտրուկ շարժումներից՝ չցանկանալով փորձության ենթարկել վերևների համբերությունը. բա որ գահընկե՞ց անեն:Ահա այսպիսին է մեր ճղճիմ իրականությունն, ի՞նչ արած…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ