Այն, որ զինված ապստամբության դադարն ու ակտիվ գործողությունների ավարտը դեռևս ոչինչ չի նշանակելու, ու հասարակության շրջանում սրված բողոքական տրամադրությունները չես կարող մի քանի օրում հանդարտեցնել, հայտնի է անգամ նրանց, ովքեր այնքան էլ գլուխ չեն հանում քաղաքական բարդ տեխնոլոգիաներից ու, առհասարակ, հեռու են քաղաքականությունից. պարզից էլ պարզ է, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ մարելու պայքարի այն հուրը, որ գցեցին ասպարեզ ապստամբներն իրենց վճռական գործողություններով ու որով ոգեշնչեցին հասարակության մեծ մասին: Ինչ խոսք՝ այս ճշմարտությունը գիտակցում են նաև ապստամբության ուղեղային կենտրոն դարձածներն ու, ենթադրաբար, մշակում հեռուն գնացող պլաններ՝ հետագայում ևս կենդանի պահելու ժողովրդի պայքարի ոգին ու այն իրական կապիտալի վերածելու: Մասնավորապես՝ Հիմնադիր խորհրդարանից Գարեգին Չուքասզյանը, ով, ինչպես հայտնի է, անցել է ընդհատակ ու այնտեղից է գործունեություն ծավալում, իր ֆեյսբուքյան գրառմամբ համոզմունք է հայտնել, որ այսուհետ, մինչև շարժման առաջնորդների գերությունից ազատումը, այն կղեկավարվի բանտից և ընդհատակից՝ կարևորելով «Սասնա ծռեր»-ի ծնունդը՝ առհասարակ: Այսինքն՝ ոմանց այն հույսերը, թե ձերբակալելով զինված խմբին, նրանց ուղարկելով բանտերը՝ կարող են արմատախիլ անել այն շարժումը, որ ծնունդ է առել ժողովրդի ծոցից, կարելի է թաղված համարել, հօդս ցնդեցին: Հասարակությունը դեռ երկար է եռալու՝ պահանջելով իր օրախնդիրների լուծումն ու հետամուտ լինելով բոլոր այն կենսական պահանջների՝ իշխանությունների կողմից կատարմանը, որոնց մասին խոսում էին դեռևս ապստամբության առաջին օրից:
Ինչ վերաբերում է այս ողջ պատմության մեջ իշխանությունների շահածին կամ կորցրածին, ապա պետք է նշենք, որ այս հարցում բավական պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ հասկանալի է՝ իշխանություններին ամենևին էլ հարկավոր չէ բողոքավոր զանգվածների ավելացում, քանի որ դա սասանում է իրենց իշխանության հիմքերը, մյուս կողմից, երբ դիտարկում ես ներկայումս Հայաստանի՝ միջազգային հարաբերություններում ունեցած կշիռն ու արցախյան բանակցությունների ապագան, հասկանալի է դառնում, որ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարող է բխել հենց իշխանությունների շահերից: Բանակցությունների սեղանին այս ամենը կարող է և պետք է վերածվի իրական դիվանագիտական կապիտալի՝ հասկացնելու բոլորին, որ Հայաստանի կենսական շահերը ոտնահարելու պարագայում այստեղ կարող է ստեղծվել այնպիսի քաոսային իրավիճակ, որ ոչ ոք ի վիճակի չի լինի գլուխ հանել: Այսինքն՝ ակտիվացած քաղաքացիական հասարակությունը կարող է դառնալ Մոսկվայի զսպման այն բացառիկ մեխանիզմը, որը կստիպի Կրեմլին որոշումներ կայացնելիս առնվազն երկու անգամ մտածել՝ Անդրկովկասում իր միակ ու իրական դաշնակցին չկորցնելու համար: Սերժ Սարգսյանի իշխանության տապալումը, որը անխուսափելի կլինի այն բանից հետո, երբ Մոսկվայի ճնշման ներքո որոշվի հանձնել ազատագրված տարածքները, կարող է բերել Հայաստանում ընդգծված պրոարևմտյան ուժերի հաստատմանը, ինչը ճակատագրական կարող է լինել Ռուսաստանի համար՝ Անդրկովկասը կորցնելու տեսանկյունից:
Այնպես որ՝ իշխանությունների՝ ապստամբությունն արյան մեջ չխեղդելու վերաբերյալ որոշումը կարելի է համարել ոչ թե հումանիստական, այլ՝ հստակ հաշվարկված քայլ, որի՝ հեռուն գնացող նպատակների մասին կարող են իմանալ միայն նրանք, ովքեր կայացրել են այդ վճիռը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ