Հայտնի է, որ Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող դեմքերն ու մարդիկ, որոնց մենք սովոր ենք հաճախ տեսնել հեռուստաէկրաններին, հիմնականում ասպարեզ են իջել 2000-ականների սկզբից, երբ երկրում ակտիվորեն ընթանում էր իշխանական բուրգի վերաձևավորում, երբ իշխանությունը կենտրոնանում էր հանրապետականների ձեռքին. արդեն գրեթե 20 տարի է, ինչ երկիրը կառավարվում է հիմնականում միևնույն դեմքերի կողմից, որ հիմնականում սերնդակիցներ են՝ չնչին բացառություններով:
Ասել կուզի՝ Հայաստանում օրախնդիր դարձած բարեփոխումների իրականացումը մեծապես կախված է լինելու սերնդափոխության այն գործընթացից, որ ներկայումս բուռն ընթացքի մեջ է մեզանում, բայց որի հետ հույսեր կապելն, անկեղծ ասած, այնքան էլ չի ստացվում. բոլորն էլ գիտեն, որ մեր երկրում «սերնդափոխություն» ասվածը մի փոքր պայմանական հասկացութուն է, ու մեզանում այն ընդամենը նշանակում է հայրերի փոխարինումը որդիներով:
Ընդ որում՝ այդ փոխարինումը միանգամից չէ, որ տեղի է ունենում, այլ՝ հստակ մշակված մեխանիզմով, երբ նախքան այս կամ այն պատասխանատու պաշտոնին նշանակվելուց առաջ հայրերի խորհրդով ու միգուցե նաև պարտադրանքով նորաթուխ կառավարիչները ստիպված են լինում համապատասխան փորձառություն ձեռք բերել ավելի ցածր պաշտոններում ու մի լավ թրծվելուց հետո, երբ սերտած են լինում կյանքի դասերը, նշանակվում համապատասխան պաշտոնին՝ դրա ընձեռած հնարավորություններն ու առավելությունները ճիշտ օգտագործելու բացառիկ հմտություն ձեռք բերած:
Համաձայնե՛ք՝ սա մի արատավոր մեխանիզմ է, որ ոչ մի լավ բան չի կարող խոստանալ մեր ապագա սերունդներին, ու ինչպես որ մենք ենք հիմա տառապում հայրերի ձեռքին, վաղն էլ մեր զավակներն են տառապելու որդիների հավանական կամայականություններից ու չարաշահումներից:
Իսկ հիմա հարց՝ ի՞նչ է պետք անել կամ ո՞րն է ելքն այս արատավոր շրջանից: Ելք, անշուշտ, կա, ու ելքն այդ կառավարման համակարգում արմատացած արժեհամակարգի փոփոխության մեջ է:
Աներկբա է՝ Հայաստանին հարկավոր է նոր առաջնորդ, որ հանձն կառնի՝ պատվով իրականացնելու այս պատասխանատու առաքելությունն ու առաջ կմղի այն երիտասարդներին, որոնց ունեցած միակ կապիտալը ոչ թե ծնողների կապերն ու փողերն են, այլ գիտելիքը, ունեցած ներքին ազատությունն ու անշահախնդիր հայրենասիրությունը. մարդկային տեսակ, առանց որի ոչ միայն առանձին երկրներ, այլև ողջ աշխարհն ապագա ունենալ չի կարող:
Կհաջողվի՞ արդյոք մեզ կերտել վաղվա այն Հայաստանը, որի մասին բոլորս ենք երազում, կախված է թերևս այն հարցի պատասխանից, թե համապատասխանները կգտնե՞ն արդյոք իրենց մեջ կամք՝ կյանքում գոնե մեկ անգամ Հայաստանին նայելու ոչ թե սեփական անձնական շահի ու շահագրգռվածությունների պատուհանից, այլ հակառակը՝ բեկումնային փոփոխություններ մտցնելով երկրի ու հանրության կյանքում:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ