Ամերիկյան հեղինակավոր «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը, որը համարվում է ամերիկյան ԿՀՎ-ի ուղեղային կենտրոններից մեկը, վերլուծական է հրապարակել, ուր անդրադարձ է կատարել երևանյան ապստամբությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ հանդես գալով հիմնավոր կանխատեսումներով ու ուրվագծելով մեր երկրում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները:
Նախ, կենտրոնի վերլուծաբանները բավական դիպուկ կերպով նկատել են, որ չնայած ապստամբությունն ավարտվեց, բայց խնդիրները մնացին, ինչը նշանակում է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ներքին կայունացման մասին՝ այդպիսով չբացառելով մեր երկրում մոտ ապագայում ևս ապստամբական սցենարի կրկնություն: Կարևորելով ներքին մարտահրավերները՝ մասնագետները, սակայն, առավել հակված են տեղի ունեցողի արմատ համարել արցախյան հակամարտության շուրջ ընթացող վերջին գործընթացներն՝ այս ամենը որակելով որպես յուրօրինակ արձագանք՝ ապրիլյան դեպքերին:
Եթե փորձենք քննության առնել «Ստրատֆոր»-ի մասնագետների բավական դիպուկ նկատառումները, կհամոզվենք այն բանում, որ այս կենտրոնը խիստ հազվադեպ է վրիպում իր կանխատեսումներում ու վերլուծություններում, ինչն էլ, ըստ էության, ընկած է նրա համաշխարհային փառքի ու հեղինակության հիմքում: Իրոք, այն, որ ապստամբներին կալանավորելն ու համաժողովրդական ընդվզման առաջն առնելը դեռ ոչինչ չի նշանակում, տրամաբանական պնդում է:
Ներկայումս Հայաստանը թևակոխել է մի այնպիսի շրջափուլ, երբ ներքին կայունության ապահովման համար իշխանություններից պահանջվելու է ոչ թե բարձրագոչ ելույթներ ու քաղցր-մեղցր խոստումներ, այլ իրական գործեր՝ համոզելու հանրությանը, որ ժողովրդի ձայնը լսելի է, որ կառավարման հին գործիքակազմերն այսուհետ իրենց տեղը զիջելու են ղեկավարման առավել ժողովրդավարական մեթոդներին:
Ինչ վերաբերում է արտաքին աշխարհից եկող ու Հայաստանն ապակայունացնող ազդակներին, ապա պետք է նշել, որ այստեղ որպես հիմնական գործոն պետք է դիտարկվի հատկապես Կրեմլի՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը, իսկ ավելի կոնկրետ՝ արցախյան հիմնահարցում ՌԴ-ի՝ մեր նկատմամբ բռնած դիրքը:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 10-ին նախագահ Սարգսյանը մեկնում է Մոսկվա: Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանում ներքին իրավիճակի հարցը մեծապես կախված է լինելու Պուտին-Սարգսյան բանակցությունների արդյունքից. եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը որոշի հաշվի առնել Հայաստանում ստեղծված նուրբ իրավիճակն ու հետ կանգնի իր որոշումից՝ Հայաստանի հաշվին Ադրբեջանն իր ազդեցության տակ առնելու, ապա երկրում կայունության համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ, ու իշխանությունները, այլևս վտանգ չզգալով դրսից, կանեն ամեն ինչ՝ ցանկալի մթնոլորտ ապահովելու համար, իսկ եթե Պուտինը շարունակի այն նույն գիծը, որի պատճառով էլ հենց, խոշոր հաշվով, տեղի ունեցան երևանյան դեպքերը, ապա Հայաստանի կայուն զարգացման մասին մեր բոլոր երազանքները կարող ենք թաղված համարել, քանի որ ՀՀ իշխանութոյւններին այլ բան չի մնա, քան «աչք փակել» դեպի համաժողովրդական ապստամբություն տանող գործընթացների վրա՝ Մոսկվային հասկացնելու, որ գործ ունեն ոչ թե մեկ հոգու, այլ մի ողջ ազգի հետ. Չուքասզյանի վերջին հայտարարությունը՝ երկրում «ցանցային պայքար» սկսելու մասին, մեր խորին համոզմամբ, ամենևին էլ պատահական չէ:
Թե ինչ ընթացք կստանան գործընթացները իր անկախ պատմության վճռորոշ փուլ թևակոխած մեր երկրում, ցույց կտա ապագան, բայց անհերքելի է,որ երկրի առաջ կուտակված մարտահրավերները հնարավոր է լինելու հաղթահարել միայն այն դեպքում, երբ բոլորս, մեկ բռունցք դարձած, ի վիճակի կլինենք վեր կանգնել մեր անձնական ամբիցիաներից ու երկրի շահը գերադասենք անձնականից. խոսքը, հատկապես, տեղական չինովնիկների մասին է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ