Այն ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր Սասնա Ծռերի տղաները և ես հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց Սասնա Ծռեր խմբի ներկայացուցիչների կողմից և երկու օր անց՝ իմ կողմից:

Ցավալիորեն այդ ապատեղեկատվությունը շարունակվում է շրջանառվել, այս անգամ սակայն, ընդդիմադիր գործիչ, հարգելի Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս մատնացույց է անում հուլիսի 31-ին իմ տարածած հայտնի նամակը՝ ասելով, «որ այնտեղ ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեմ բարձրացրել»: Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը, մասնավորապես չնկատելով նախաբանում գրված պարբերությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է, որ այս նամակի բովանդակությունը բացառապես վերաբերում է հավանական բանակցությունների առաջարկությանը որպես ոսկե միջին, որի արդյունքում տղաները պետք է զենքը վայր դնեին: Շեշտում եմ, բացառապես վերաբերում էր տղաների կողմից զենքը վայր դնելուն ու արյունահեղությունը կանխելուն:

Ես, գտնվելով մեկուսացման մեջ և ամբողջությամբ չտիրապետելով իրավիճակի տեղեկատվությանը, երկկողմ արյունահեղությունը կանխելու այսպիսի մարտավարություն եմ պատկերացրել, ու չգիտեմ, իմ փոխարեն գուցե այլ մարդ կամ Նիկոլ Փաշինյանը լիներ, հնարավոր է գտներ այդ վտանգը կանխելու այլ ուղի: Հակառակ նրան, որ այս կեղծ տեղեկատվությունը այդ օրը հերքվել է տղաների և իմ կողմից, ու ես, տեղեկանալով Վարուժան Ավետիսյանի զենքը վայր դնելու պահին հայտնի ելույթին, նաև ընթերցելով օգոստոսի 3-ի Հիմնադիր խորհրդարանի նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի Սիվիլնեթին տված հարցազրույցում նշված գերակա 7 կետերից բաղկացած պահանջները, տարակուսանքով եմ ընդունում Նիկոլի եզրակացությունը:

Անցնելով առաջ և օգտվելով առիթից, հորդորում եմ Նիկոլին ու ընդդիմադիր գործիչներին ընկալել պահի լրջությունը ու ամեն ինչ անել՝ իմաստավորելու Սասնա Ծռերի զոհողությունը, իմաստավորել հուլիսի 17-ից սկսյալ նրանց աջակցող մեր ապստամբ ժողովրդի զոհողության պատրաստակամությունը և առաջնահերթորեն իրար հետ համախմբված և համերաշխ լինել: Շարժումը անգլուխ չթողնելու նպատակով ձևավորել վերկուսակցական տարաբնույթ ձևաչափեր և ժամ առաջ նետվել մեր երկիրն ազատագրելու գործին:

Ամփոփելով խոսքս, փորձեմ վերախմբագրել վերջին տարիների մեր կողմից բարձրացված քաղաքական օրակարգերի, Սասնա Ծռերի պահանջների, համահայկական նպատակի քաղաքական օրակարգը հետևյալ տրամաբանական հերթականությամբ:

Ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատում

Վստահության կառավարության ձևավորում /հակաճգնաժամային և անցումային փուլի ծրագրով օժտված/

Սերժ Սարգսյանի հեռացում

Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ»:

Ժիրայր Սեֆիլյան

06.08.16թ., Վարդաշեն ՔԿՀ