EU-ASIA Business Finance Center հոլդինգը, որը գրանցված է Սլովակիայում, այս տարվա օգոստոսի 1-ին նամակ է ուղարկել ՀՀ Կառավարություն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, որով պատրաստակամություն է հայտնում ներդրում կատարել «Նաիրիտ» գործարանում։
Հոլդինգն անգամ պատրաստ է գործարանի պատրաստի ապրանքն իրացնել։ Առաջին հայացքից սա այն է, ինչի համար արդեն տևական ժամանակ է պայքարում են նաիրիտցիները։ Թվում էր, թե այս առաջարկը մեծ ցնծությամբ պետք է ընդունվեր ՀՀ իշխանությունների կողմից, քանի որ իշխանության ներկայացուցիչներն ամեն առիթով հայտարարում են, թե ներդրող չկա, դրա համար գործարանը վերագործարկելն անհնար է։ Ահա այժմ ներդրող կա, ով պատրաստ է անգամ ստացված ապրանքն իրացնել։
Բայց, ինչպես երևում է, Կառավարության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից դեռևս որևէ արձագանք չկա, ինչը տարօրինակ է։ Նաիրիտցիներն անգամ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որում խնդրում են համապատասխան հանձնարարականներ տալ վարչապետին, նախարարին և իրավասու մնացած մարմիններին՝ հարցը կարգավորելու համար։
Վերադառնալով իշխանության լռությանը՝ պետք է նշել, որ այն ունի բոլորովին այլ պատճառ։ Վերը նշված ընկերության մեջ, որը պատրաստ է ներդրում կատարել և վերագործարկել «Նաիրիտ»-ը, այսպես ասած, մասնաբաժին ունի Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով բոլորին հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքով և տեղին քննադատությամբ։
Ինչքան էլ զարմանալի կամ ծիծաղելի է, հայրենի իշխանավորները անձնական խնդիրներ ունեն Աշոտ Գրիգորյանի հետ՝ կապված վերջինիս գործունեության հետ։ Այդ անձնական թշնամանքը կամ խնդիրներն էլ Կառավարության՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի լռության պատճառն են։ Իհարկե, միայն վարչապետը կամ կառավարության մնացած անդամները չեն, որոնց դուր չի գալիս Գրիգորյանի՝ իրենց հասցեին արվող քննադատությունները։
ԼՈՒՐԵՐ.com-ին անգամ հայտնի դարձավ, որ Աշոտ Գրիգորյանը նեղ շրջանակում ասել է, որ այս իշխանությունների օրոք ինքը որևէ ներդրում չի անի Հայաստանում, անգամ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար։ Սակայն, նրան համոզել են, որ դա արվում է ոչ այս իշխանավորների ու օլիգարխների համար, այլ «Նաիրիտ»-ի ու նաիրիտցիների։ Եվ արդյունքը Գրիգորյանի անունով ուղարկված նամակն է, որի պատասխանին անհամբեր սպասում են բոլորը։
Թե ինչքանով ողջամիտ որոշում կկայացնեն իշխանության ներկայացուցիչները և ազգային շահը չեն ստորադասի իրենց անձնական ամբիցիաներին, ժամանակը ցույց կտա։ Բայց սա նրանց համար լավ հնարավորություն է ցույց տալու, որ անձնական շահից ու գրպանից բացի մտածում են նաև ժողովրդի մասին։
Մեկ կարևոր հանգամանք ևս. ըստ «Նաիրիտ»-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի կողմից՝ աշխատանքային խմբին ներկայացված առաջարկության, նախատեսվում է վերագործարկել գործարանի միայն քլորի արտադրամասը, որտեղ կաշխատի մոտավոր հաշվարկներով ընդամենը 500-600 մարդ։ Իսկ ահա սլովակների առաջարկը կյանքի կոչելու դեպքում, «Նաիրիտ»-ը կաշխատի իր երբեմնի հզորությամբ և կունենա 1800-2000 աշխատող։
Նշենք, որ EU-ASIA Business Finance Center հոլդինգի կազմում ընդգրկված են անգլիական, իրանական, եվրոպական և մի շարք այլ ընկերություններ, որոնք հիմնականում զբաղված են տարբեր երկրներում ներդրումներ կատարելով։
Քրիստինա Աղալարյան