ԼՂՀ ԱԺ-ի կողմից հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահական համակարգի:

 

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Արցախի քաղաքական դաշտում դիրոքորոշումները տարբեր են։ Օրինակ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը նշում է, որ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում անհանգստացնող դրույթներ շատ կան և առհասարակ սահմանադրությունը փոխում են իշխանության վերարտադրության համար։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

 

-Պարոն Քանանյան, ԼՂՀ–ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հայեցակարգի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:


-Ինձ առանձնապես հայեցակարգը չի հետաքրքրում, որվհետև ես Արցախը համարում եմ Հայաստանի մարզ և այդ գործըթացը ինձ համար ինքնաբերաբար առաջնային կարևորություն ունեցողներից չէ։ Մյուս կողմից այդ հայեցակարգը միտված չէ Արցախում ազատությունների ավելացմանը, առողջ հասարակական մթնոլորտի ձևավորմանը, այլ ընդհակառակը՝ միտված է «Երևանի» կողմից նշանակվող և «նախագահ» կոչվող մարզպետի լիազորությունների անհարկի ավելացմանը, որը, բնականաբար, իմ պատկերացմամբ, գերազանցապես բացասական դեր է ունենալու Արցախում ներքաղաքական զարգացումների վրա։

 

-Ի՞նչ կասեք հայեցկարգում զետեղված անցումային դրույթների մասին, մասնավորապես, 2017-2020 թթ. ԼՂՀ նախագահի կարգավիճակի չճշտված լինելու վերաբերյալ։


- Տեսեք ինչ եմ ասում, ուրեմն ես, անկեղծ ասած, այսօր զբաղված էի հողամասիս մշակմամբ, քանզի այն, ըստ իս, ավելի կարևոր է, քան պահի տակ ի հայտ եկող թղթերի ընթերցումը։ Ամեն դեպքում, Արցախը շատ փոքր և քիչ բնակչություն ունեցող մարզ է, և այդ հայեցակարգում ներկայացված կետերը լիովին համապատասխանում են այն ամենին, ինչ վերջին ամիսների ընթացքում քննարկվել է։

 

-Այսինքն՝ դա համարում եք կեղծ քաղաքական օրակա՞րգ։

-Ինձ համար դա կեղծ օրակարգ չէ, այլ պատերազմական սպառնալիքի առջև, ՀՀ համընդանուր ազգային անվտանգության խնդիրների առջև սա իսկապես որոշակիորեն երկրորդական օրակարգ է, որովհետև սա իսկապես, նորից եմ ասում, ընդամենը Արցախի մարզում անկախության թատրոնի բեմադրման ներքին յուրահատկությունների որոշակի վերաշարադրում է, ուրիշ ոչ մի բան, որը, բնանաբար, էապես չի ազդելու հայաստանի պաշտպանունակության մեծացմանը կամ նվազեցմանը։ Բակո Սահակյանը երազում է երեք հավելյալ տարի շարունակել պաշտոնավարել՝ որպես Արցախի նախագահ: Ես, բանականաբար, միանգամայն բացասաբար եմ վերաբերվում Բակո Սահակյանի այդպիսի ցանկությանը, քանի որ նա իր պաշտոնավարման տարիներին աչքի է ընկել կոռուպցիան բարձրագույն մակարդակներում կենտրոնացնելու և միջինից ցածր մակարդակներում մասամբ վերացնելու քաղաքականությամբ, աչքի է ընկել գործարար դաշտը յուրայինների մեջ սահմանափակելու ոչ լիովին հաջողված, բայց այնուամենայնիվ շատ բացահայտ ուղվածությամբ։

 

Այստեղ ես գալիս եմ ավելլի լուրջ քաղաքական մեղադրանքների. Բակո Սահակյանը կատարելով իր վերադասի՝ «ՀՀ նախագահ» հորջորջվող Սերժ Սարգսյանի հրահանգը, հանցավորապես կասեցրել է ԼՂՀ վերաբնակեցման գործընթացը, միաժամանակ տարփողելով և ծիծաղելիքներ ներկայացնելով, թե իբր հենց իր օրոք վերաբենակեցումը սկսվել է, ապրել ինչ-որ նոր ձեռքբերումներ և վաղը կամ մյուս օրը, երբ ՀՀ-ում ունենանք ազգային և պատասխանատու պետական իշխանություն, ես կարծում եմ, որ Բակո Սահակյանին ներկայացվող առաջին մեղադրանքներց մեկը պետք է լինի Արցախում գիտակցված կերպով վերաբնակեցման կասեցման հանցավոր որոշման գլխավոր իրականացնող լինելը: Ես անձամբ պատրաստ եմ լինելու հրապարակավ նրան այդ մեղադրանքն առաջադրելու, որպես ուղղակի հասարակության ներկայացուցիչ։

Ավարտելու համար ասեմ, որ կարեկցանքով եմ վերաբերվում Բակոյի այս երազանքին՝ ևս երեք տարի իր աթոռիկի վրա նստելուն: Մի բան էլ պետք է հստակ իմանաք, որ, եթե ինչ-որ մի ձևով կանխվի հենց անձամբ Բակո Սահակյանի պաշտոնավարման երկարաձգումը, հաջորդ երեք տարիում կառավարելու համար նշանակվելու է որևէ այլ անձ, որը ոչնչով Բակոյից չի տարբերվելու։ Քանի դեռ Երևանում իշխանափոխություն չի իրականացվել, Արցախի նախագան Բակոն է, թե Սաքոն՝ մեծապես էական չէ:

 

- Պարո’ն Քանանյան, հրապարակված հայեցկարգում նշված է՝ նախագահը ընտրվում է ԱԺ-ում ներգրավված կուսակցություներից և, կարելի է ասել, չի կարող լինել «քաղաքացիական» անձ։ Ի՞նչ կասեք այս մասին։


- Իհարկե բացասական կարծիք ունեմ դրա վերաբերյալ, քանի որ դա ևս մեկ բացահայտ ձգտում է՝ սահամանափակելու թեկնածուների թիվը և վերացնելու այն վիճակը, որ ինչ-որ մի անհատ, հանկարծ ինչ-ինչ հանգամանքների բերմամբ կարող է նեղ հնարավորությունների պատուհանում պատեհ առիթ ստանալ հայտ ներկայացնելու նախագահի պաշոնում ընտրվելու հարցում։

 

-Դա ոտնձգությո՞ւն է Արցախում ժողովրդավարության հաստատման հանդեպ։


-Դա, մեղմ ասած, ոչ թե ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ, այլ ոտնձգություններից մեկն է ժողովրդավարության նկատմամբ։ Բայց ես կրկնում եմ, որ սա ընդամենը արցախի մարզի ներքին կառավարման խնդիրն է։ Ի վերջո, երբ մենք ունենանք ազգային և պետական իշխանություն, Արցախը ոչ թե մեկ, այլ մի քանի մարզի տեսքով միանալու է Հայաստանին, և ես չեմ զարմանա, որ մարզպետը՝ նույնիսկ իմ երազած Հայաստանում, նշանակվի մայրաքաղաքից «այսինքն, թե ինչպես է Արցախում նշանակվում մարզպետ, որը «նախագահ» է անվանվում, իսկապես երկրորդական խնդիր է: Մենք պետք է իրականացնենք համահայկական առաջնահերթություններից բխող թիվ մեկ հրամայական քայլ, այն է՝ իշխանափոխությունը և երկրի իշխանություններին նվազագույն չափով երկրի առաջ ծառացած գոյաբանական խնդիրներին համապատասխանեցնելը։

 

Հարցազրույցը՝ Միքայել Նազարյանի