Հայաստանի հունհռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը անդրադարձել է Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանի ելույթներին և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք թարգմանաբար.
«Միհրան Հարությունյանին գիտեի դեռևս Ռուսաստանի թիմի կազմում հանդես գալու ժամանակներից: Միշտ հետևել եմ նրան և նրա մեջ տեսել հրաշալի մարզիկի, իսկ վերջին 3 տարիներին ավելի հաճախ եմ շփվում նրա հետ, և կարող եմ ասել, որ նա ոչ միայն հիանալի մարզիկ է, այլև՝ հրաշալի մարդ: Այդպիսիները քիչ են:
Գիտեմ նրա ընտանիքին և գիտեմ, թե ինչ ապրումների մեջ են նրանք հիմա: 3 տարի ես եղել եմ նրա անձնական մարզիչը Հայաստանում, 2009-ից նրա անձնական մարզիչն է Ռուբեն Թաթուլյանը, իսկ առաջին մարզիչը եղել է Արամ Սարկիսյանը: Բաքվում տեղի ունեցած Եվրոպական խաղերից և Լաս Վեգասի աշխարհի առաջնությունից հետո, երբ նրա հանդեպ սարսափելի վարվեցին, չէինք կարողանում նայել նրա աչքերին, քանի որ ոչինչով չկարողացանք իրեն օգնել: Նա, սակայն, ուներ այնպիսի կամքի ուժ, որ ինձ ասաց. «Խոստանում եմ, որ կհաղթեմ Օլիմպիական խաղերում և կպատրաստվեմ 100 տոկոսով»: Նա կատարեց իր խոստումը:
Օլիմպիական խաղերի վիճակահանության արդյունքում Միհրանի մրցակիցներից աշխարհի չեմպիոն չէր միայն շեգիպտացին, որն Ասիայի առաջնության մրցանակակիր էր, ինչը վկայում էր այն մասին, որ նա նույնպես թույլ մրցակից չէր: Մյուսներն աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ էին, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ: Անկեղծ ասած, մարզիչներն այնքան էլ ուրախ չէին, սակայն, երբ մրցումներից առաջ մտա Միհրանի սենյակ, նա ասաց. «տարբերություն չկա, թե ով է իմ ենթախմբում և ում պետք է հաղթեմ: Այսօր մեր օրն է, և երբ դուրս գամ գորգ, իմ մեջ կարթնանա Ալեքսանդր Մակեդոնացին»:
Ցանկացած գոտեմարտի նա առավելագույնն էր տրամադրվում՝յուրաքանչյուր 20 րոպեն մեկ դուրս էր գալիս գորգ: Հաղթեց աշխարհի չեմպիոնին, կորեացուն ու ադրբեջանցուն: Գոտեմարտերից հետո ես և մերսող Թելման Սարգսյանը վերականգնում էինք նրան, մինչև գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը եկավ ու ասաց, որ գոտեմարտին մնում է մի քանի րոպե:
Եզրափակիչին դուրս եկանք նույն տրամադրվածությամբ: Մենք Միհրանին զգուշացրինք, որ մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ է՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Նենադ Լալովիչի հայրենակիցը: Միհրանը հստակորեն կատարեց մեր բոլոր ցուցումները: Նա ակտիվ էր ամբողջ գոտեմարտի ժամանակ' ոչ մի շանս չտալով մրցակցին և նույնիսկ մրցավարներին: Մրցակցին, սակայն, ոչ մի անգամ պարտեր չնստեցրին և Միհրանին թույլ չտվեցին ցուցադրել իր հնարավորությունները՝ 2 անգամ տալով զգուշացում, իսկ մրցակցին էլ մեկ միավոր տվեցին: Համոզված եմ, եթե սերբ ըմբիշին պարտեր նստեցնեին, գոտեմարտը կավարտվեր 8:0 հաշվով՝ հօգուտ Միհրան Հարությունյանի:
Մեդալը գողացան ոչ միայն Միհրան Հարությունյանից, այլև մեր երկրից, ժողովրդից, նրա ընտանիքից և անձամբ ինձանից՝ օլիմպիական չեմպիոնի մարզչից: Մենք բողոքարկեցինք, բայց պատասխանը ստացանք 3 դեղին քարտ:
Այնուամենայնիվ, ես ու ամբողջ աշխարհն օլիմպիական չեմպիոն համարում ենք հենց Միհրան Հարությունյանին: Այդ պատճառով մեր երկրին շնորհավորում եմ 2 օլիմպիական չեմպիոն՝ Միհրան Հարությունյան և Արթուր Ալեքսանյան ունենալու կապակցությամբ»: