Ինչպես հոշոտեցին քաղաքամայր Երևանի կանաչ թոքերը…


Տեղական իշխանություններ, իրավապահ համապատասխան մարմիններ և ՀՀ բնապահպանության նախարարություն. սրանց բոլորի ղեկավարները, համապատասխան պատասխանատուները, երբ մի օր իշխանությունը Հայաստանում փոխվի ու նորմալ իշխանություն ունենանք, պետք է հատ-հատ պատասխան տան այն բարբարոսության համար, որ կատարվել է մեր պուրակների և այգիների, մայրաքաղաք Երևանի կանաչ թոքերի նկատմամբ:

 

Սրան ու նրան՝ փողոտներին, «ախպեր տղերքին», ինչ-որ «կապույտ արյուն» ունեցողների՝ վերևից եկած զանգով, պուրակներում, այգիներում և այլուր ծախելով, նվիրելով, տեղեր հատկացրին՝ սրճարաններ, ռեստորաններ, նմանաբնույթ և այլ օբյեկտներ կառուցելու համար' բացարձակապես անտեսելով, որ այնտեղ ծառեր կան, և կառուցողներն այդ ծառերը պետք է հատեն:

 

Երբեմն ծառերի հետ հաշիվները մաքրելու համար այլ հնարքներ կիրառեցին. սրճարան կամ ռեստորան կառուցելու նպատակ ունեցողը մտավ, տարածքը կապույտ պաստառներով փակեց հասարակության աչքից, գիշերով կամ հարմար ժամի ծառերը կտրեց, տեղը մաքրեց, հետո տարածքն օրինականացրեց ու տարածքն իրենով արեց: Կամ էլ' ծառերի հերն անիծեցին, տակը կրակ արեցին, քիմիական այս կամ այն նյութը լցրին բնի մոտ, չորացրին: Որպես չորացած ծառեր, դրանք օրինականորեն կտրվեցին, այսինքն' տարածքում եղած ծառերի հաշիվները մաքրեցին, տարածքն ազատեցին դրանց խանգարող ներկայությունից, ու հետո կառուցեցին իրենց ուզած շինությունը:

 


Քաղաքացիական ակտիվիստները, բնապահպանները, մայրաքաղաքի հանդեպ ոչ անտարբեր, պարզապես սրտացավ մարդիկ «շնաձկների երախից» մի կերպ փրկեցին Մաշտոցի պուրակը, բայց այս տարիների ընթացքում քանի Մաշտոցի պուրակներ զոհ դարձան նրանց: Տեսեք թե ինչ կատարվեց Օղակաձև զբոսայգում, Օպերայի մոտ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, Շրջանայինում, Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ, Արաբկիր համայնքի և, ընդհանրապես, Երևանի տարբեր հատվածներում, նույնիսկ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ուր բացահայտ ապօրինի կերպով կառուցվեց «Գոլդեն Փելըս» հյուրանոցը: Ես չեմ կորցնում իմ հույսը, որ այս բոլորի համար մեղավորները մի օր անպայման պատասխան են տալու' անկախ նրանից' նախկի՞ն թե՝ ներկա պաշտոնյա կլինեն, տվյալ օբյեկտի տերը կշարունակի՞ դրա տերը հանդիսանալ, թե՝ վաճառած կլինի մեկ ուրիշին:

 

Սխալվում են նրանք, ովքեր ասում են օրենք չկա Հայաստանում, այսինքն՝ թեև կա, բայց չի կիրառվում: Երբ իրենց պետք է լինում, դիմացինն իրենց մարդը չէ կամ համապատասխան վերաբերմունք ցույց չի տվել, շատ լավ էլ կիրառում են օրենքը:


Հայաստանում օրենք կա և կիրառում են, այլ խնդիր է, որ օրենքի առջև բոլորը հավասար չեն:



Ահա բռնել, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի («Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը») 1-ին մասի հատկանիշով մեղադրանք են առաջադրել ու հիմա դատում են Դավիթ Առաքելյան անուն ազգանունով մեկին այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 26-ին Երևանի «Կարապի լիճ» սրճարանի տարածքում ապօրինի հատել է 30 սմ տրամագծով մեկ թթենի և մեկ կոճղարմատ, ինչով բուսական աշխարհին պատճառել է 225 000 դրամի վնաս: Եթե մեղադրանքն ապացուցվում է, շատ էլ լավ են անում, շատ էլ ճիշտ են անում, բայց հարց է առաջանում' բա այդ դեպքում մայրաքաղաքի կենտրոնում ապօրինի ծառեր հատած, ծառերը տարբեր եղանակներով վնասած, չորացրած շատ շատերին ինչո՞ւ չեն դատել…

Արթուր Հովհաննիսյան