Սեպտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Կորյուն Մայիլի՝ «3+2կգ» քրեական կատակերգության պրեմիերան։ Ֆիլմն իր ժանրում առաջինն է հայկական կինոարտադրության մեջ։ Թե ինչպես հղացավ այս ժանրի ֆիլմ նկարահանելու գաղափարը, ինչ դերասանական կազմ է խաղում դրանում և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Կորյուն Մայիլի հետ։
-Կպատմեք՝ ինչպե՞ս հղացավ քրեական կատակերգություն ստեղծելու գաղափարը։
-Անկախ Հայաստանի կինոպատմության մեջ ողբերգական կինոկատակերգությունն էլ եմ ես նկարել («Նախաճաշ երկուսի համար»), փորձեցի այս ժանրում էլ առաջինը լինել և նկարահանել առանց էքսցենտրիկ գործողությունների իրավիճակային կոմեդիա։
-Մի փոքր կներկայացնե՞ք ֆիլմի մասին։
-Ֆիլմի սյուժետային փակագծերը չեմ բացի, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի դիտել։ Իսկ ընդհանուր գաղափարն անդավաճան ընկերությունն է, որը շատ քիչ է մեր իրականության մեջ։
-Ի՞նչ եք փորձում «տեղ հասցնել» ֆիլմի միջոցով։
-Գաղափարն ու դաստիարակչական մեսիջը հետևյալն է․ երիտասարդները հեռու մնան քրեածին, կեղտոտ խաղերից։ Սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը և պրոդյուսերը ես եմ, դրա համար շատ հեշտ եղավ կյանքի կոչել այս նախագիծը։ Մեր հայ հանդիսատեսը բարձր գեղագիտական ճաշակ ունի և արժանի է իսկական կինոկատակերգություն դիտել լուրջ հումորով։
-Դերասաններին կնշե՞ք։
-Ֆիլմում ներգրավված են ճանաչված, սիրված ու շնորհալի արտիստներ Արման Նավասարդյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Մարտիրոսյանը, Արման Գևորգյանը, Արթուր Հակոբյանը, Արա Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արթուր Պապիկյանը և այլք։
-Ինչքա՞ն ժամանակում եք կյանքի կոչել այս ֆիլմը։
-Սցենարը գրվել է փետրվարի վերջին, ավարտվել՝ ապրիլին, իսկ նախապատրաստական աշխատանքները՝ մայիսին։ Նկարահանումները տեղի են ունեցել հունիսի 21-ից։ Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, այնուհետև ցուցադրումը բոլոր կինոթատրոններում։
Ստորև ներկայացնում ենք նաև ֆիլմի անոնսը.