Պետության 25-ամյակը լուրջ տարեդարձ է և, կարծում եմ, այն անհրաժեշտ է արժևորել բովանդակային իրադարձություններով:
Թեկուզ այն բանի համար, որ տեսանելի լինի պետության հասունությունը: Այս առումով որոշակի հիասթափություն ունեմ ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնակատարությունից, որն այդպես էլ դուրս չեկավ շաբլոնային կաղապարից՝ որևէ պատմականության խորհուրդ չհաղորդելով օրվան:
Ավելին՝ Ստեփանակերտում, կամա թե ակամա, նույն լուսանկարում էին հայտնվել Հայաստանի նախագահը և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետությունների պատվիրակությունների ղեկավարները:
Դա մի կողմից չճանաչվածության, չհասկացվածության բարդույթ հաղորդեց Արցախի անկախության 25-ամյա տոնին, մյուս կողմից՝ քիչ մնաց դիվանագիտական ճգնաժամ հարուցեր Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում:
Իսկ ինչով է նշանավորվելու Հայաստանի անկախության 25-ամյակը: Միթե՞ ամեն բան սահմանափակվելու է միայն տոնական անճաշակ համերգով և ոչինչ չասող հրավառությամբ:
Շատերն ասում են, որ տոնն արժևորվելու է համաներումով: Այն իրապես կարևոր հումանիստական ակտ է, սակայն չի կարող հանրային խնդիր լուծել, եթե չնպաստի քաղաքական լարվածության լիցքաթափմանը:
Չեմ կարծում, թե իշխանություններն այնքան համարձակություն կունենան, որ համաներումը կտարածեն, օրինակ, «Սասնա ծռերի» անդամենրի վրա: Դա գուցե սխալ կլինի նաև իրավաան տեսանկյունից, որովհետև օրենքը կստորադասվի քաղաքական կոնյուկտուրային:
Մյուսներն ասում են, թե գուցե հենց սեպտեմբերի 21-ին ստորագրվի ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության համաձայնագիրը՝ ցույց տալու համար հայկական երկու հանրապետությունների անկախության ձգտումը, միասնականությունը: Դա էլ քիչ հավանական եմ համարում, չնայած այն հանգամանքին, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ պայմանագրի նսխագիծը պատրաստ է:
Վստահ եմ՝ այդ փաստաթուղթը ստորագրելու քաղաքական որոշում առայժմ չկա, այլապես այն իրապես կարժևորվեր Արցախի անկախության 25-ամյա տարեդարձը: Այս պահին պաշտոնական Երևանը հանդես չի գա որևէ նախաձեռնությամբ, որը կարող է ոչ միանշանակ ընկալվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից:
Ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, առաջարկում է սեպտեմեբերի 21-ին կյանքի կոչել 3+2 ձևաչափը՝ ՀՀ և ԼՂՀ գործող ու նախկին նախագահների մասնակցությամբ:
Լավ գաղափար է, սակայն մեր նախագահներից յուրաքանչյուրն այնքան ինքնասիրահարված է, որ դժվար է պատկերացնել, նրանց համատեղումը միևնույն վայրում՝ ընդահանուր միջոցառմանը:
Էլ չասած՝ առաջարկվող ձևաչափի մասին: Հակառակը՝ մեզանում մի տխուր ավանդույթ կա, որ նախկին նախագահները չեն մասնակցում անկախության տոնին, պետական միջոցառումներին, մինի հավաքույթ՝ խնջույքներ կազմակերպելով իրենց համակիրներրի հետ: Այսպիսով նրանք մասնատում են պետությունը՝ քաղաքական, բարոյական, պատմական առումով:
Հուսանք, որ այս սեպտեմբերի 21-ին կունենանք ընդամենը մեկ տոնակատարություն՝ բոլորի մասնակցությամբ: Թեև, անկեղծ ասած, արդեն նույնիսկ դրան չեմ հավատում:
Սարգիս Հակոբյան