«Հայկական ժամանակ» օրաթերթի առաջնորդողում այսօր կարդում ենք.

Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Ազատության հրապարակն է, որտեղ ժամը 17-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը այս հանրահավաքում չափազանց կարևոր է: Այդ խոսքին սպասում է ողջ Հայաստանը, Սփյուռքը, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները, նրան չընտրողները, նրա հակառակորդները, միջազգային հանրությունը, բոլորը: Այս խոսքը վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրը սպասում է իր ակնկալիքներով, իր մոտիվացիաներով: Սակայն դրա ամենակարևոր հասցեատերը այն շուրջ 540 հազար քաղաքացիներն են, ովքեր իրենց ձայնն ու վստահության քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօրվա խոսքից է կախված 540 հազար ՀՀ քաղաքացիները հպարտ կլինե՞ն իրենց ընտրության համար, թե՞ ոչ:

Երեկ, ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, շուրջ մեկուկես ժամանոց զրույց ունեցավ, և ահա այսօր Ազատության հրապարակում պետք է ներկայացնի այդ զրույցն ու դրա հանգուցալուծումը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ ղեկավարության հետ, և մոտ մեկուկես ժամ էլ այնտեղ զրույց ունեցավ: Այս երկու զրույցների տևողությունն արդեն հուշում է, որ խոսակցությունը լուրջ է եղել, դետալներ է պարունակել: Ու թեև կողմերից ոչ ոք պաշտոնապես չհրապարակեց զրույցի բովանդակությունը, այնուամենայնիվ օրվա վերջում Սերժ Սարգսյանի թևից եղան ինֆորմացիոն «ուտկաներ»: Դրանց ամբողջ իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է կոալիցիոն կառավարություն ձևավորել: Ավելի գունագեղ՝ առաջարկը ներկայացված էր ՀՀԿ խորհրդի քաղաքական կյանքում ոչ ակտիվ դերակատարում ունեցող ներկայացուցիչներից մեկի գրառման մեջ, որտեղ ասվում էր, որ պետք է երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, ինչն անհնար է հեղինակազրկված կադրերով, օլիգարխներով և միայն ՀՀԿ-ական ռեսուրսներով: Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նոր կոալիցիա ստեղծեն, ինչի արդյունքում էլ կկերտվի «Ապահով Հայաստանը», մոտավորապես գրել է ՀՀԿ-ականը: Մեկ այլ լրատվության մեջ էլ ՀՀԿ-ական աղբյուրներն էին հայտնել, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոալիցիա կազմելու առաջարկություն է արել: Սակայն հանրությանը, առավելևս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք՝ կռահելու համար, թե ինչ կարող էր առաջարկել Սերժ Սարգսյանը նրան: Այն ժամանակ, երբ նախագահական նստավայրում ընթանում էր Րաֆֆի-Սերժ հանդիպումը, Ազատության հրապարակում շուրջբոլորը լսվում էր մի հարց. «Րաֆֆին էլ է՞ ծախվելու»: Խնդիրն այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանի ծախվել-չծախվելը չէ, այլ այն, որ նժարին դրված է ՀՀ քաղաքացու վստահության քվեն, ու այդ քաղաքացին մտավախություն ունի, որ իր քվեն հերթական անգամ կդառնա առևտրի առարկա:

Եվ այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելու հրապարակային-անուղղակի առաջարկին երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակի պատասխանեց: Վերոնշյալ հրապարակումներից հետո, նրա շտաբը հայտարարություն տարածեց, որտեղ այսօրվա հանրահավաքի հիմնական նպատակը նշվում է Սերժ Սարգսյանին «ցտեսություն» ասելը: Սակայն սա անուղղակի առաջարկին անուղղակի պատասխան է: Մարդիկ իրենց մտահոգող հարցի պատասխանը կգտնեն այսօր, ժամը 17-ին, Ազատության հրապարակում: