Բոլորովին վերջերս, ինչպես հայտնի է, ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ու հրավերով Հայաստան էին ժամանել լիբանանահայ տասից ավել երիտասարդներ` հայրենիքում կրթություն ստանալու համար:
Լուրեր.com-ն անդրադարձել էր այս կարևոր իրադարձությանը` գնահատելով այն, որպես հայապահպանության տեսանկյունից բացառիկ նշանակության իրադարձություն:
Հայտնի է, որ օրերս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ իր կոչմանը, Իրանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր բարեկամ երկրում, ուր կարևոր հանդիպումներ էր ունեցել իրանցի պաշտոնյաների, տեղի հայ համայնքի առաջնորդների, Իրանի հայկական մի շարք կարևորագույն կառույցների ղեկավարների հետ. սա այց էր, որի կարևորությունը դժվար է թերագնահատել: Գաղտնիք չէ, որ Իրանն այն երկիրն է, ուր դարեր շարունակ հայ ժողովրդի զավակները ապրել ու արարել են` բարեկամ ժողովրդի հետ կողք կողքի ապրելով ու իրենց անգնահատելի լուման ներդնելով Իրանի զարգացման ու առաջընթացի գործում: Ասել կուզի` Իրանը Հայաստանի համար կարևորագույն երկիր է` ոչ թե այսօրեական քաղաքական կամ տնտեսական շահերով պայմանավորված, այլ` շատ ավելի կարևոր գործոններով, որոնցից մեկն էլ, անշուշտ, տեղի հայկական համայնքն է` մոտ 300000-ի հասնող:
Չնայած մերձավորարևելյան երկրների համայնքների հետ համեմատած` Իրանը շատ ավելի ապահով ու տաքուկ վայր է մեր հայրենակիցների համար, ուր նրանք հնարավորություն ունեն` իրենց արդար աշխատանքով առավելագույնս ինքնադրսևորվելու ու ապրելու, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ համայնքում խնդիրներ չկան, չի նշանակում, որ իրանահայերը կարիք չունեն հավելյալ օժանդակության ու մայր հայրնիքից եկող ուշադրության. Գագիկ Ծառուկյանի այցն` Իրան հենց նպատակ ուներ լրացնելու տասնամյակների այդ բացը…
Նախ` պետք է նշենք, որ Ծառուկյանի այցը համընկել էր Իրանի 48-րդ համահայկական խաղերի բացման հետ` մի միջոցառման, որ իրապես համահայկական նշանակություն ունի. խաղերին մասնակցության իրավունք ունեն հայկական բոլոր գաղթօջախները ներկայացնող մարզիկները` աշխարհի չորս ծագերից, ինչը խիստ կարևոր է հատկապես հայապահպանության ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև ամուր կապի պահպանման տեսանկյունից: Եվ ահա Ծառուկյանը, հավատարիմ ազգային մեծանուն բարերարի իր վաստակած համբավին, այցի շրջանակներում 100000 դոլարի նվիրատվություն կատարեց Իրանի «Արարատ» մարզամշակութային կազմակերպությանը` նպատակ հետապնդելով ամրապնդել Իրանում այն հայապահպան կարևորագույն ինստիտուտներից մեկը, որ մեծ դեր է խաղում իրանահայերի կյանքում:
Այնուհետև Ծառուկյանն, ի թիվս այլ հաստատությունների, այցելեց նաև հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրություն, ուր և հայտարարեց խմբագրությանը ևս 100000 դոլարի նվիրատվություն կատարելու մասին` համոզում հայտնելով, որ օրաթերթն այսուհետ, բայց արդեն շատ ավելի արդյունավետ կերպով, իրականացնելու է հայապահպան իր առաքելությունն ու նպաստելու է հայրենիքի հետ ունեցած համայնքի կապերի ամրապնդմանն ու հզորացմանը:
Այսպիսով` եթե փորձենք ամփոփել Ծառուկյանի վերջին շրջանի բարեգործական գործունեությունը, հասկանալ տրամաբանությունը, պետք է հաստատապես ամրագրենք, որ բարերարն, շնորհիվ իր գործելաոճի, հայկական իրականության մեջ մի նոր նշաձող է սահմանում. Ծառուկյանը «բարեգործություն» հասկացությունը դուրս է բերում նեղ շրջանակներից` հաղորդելով դրան համահայկական բնույթ. նա ժամանակակից իրականությունում միակն է,որ փաստացի իր վրա է վերցնում պետության բեռն ու փորձում համազգային, համահայկական մասշտաբներ հաղորդել մի երևույթի, որը, կարելի է ասել, մեր իրականությունում երբեք դուրս չի եկել խիստ նեղ շրջանակներից: Ծառուկյանը միակն է, ով օգնում է սփյուռքին, միակն է, ում շնորհիվ դրսի հայերը կարող են իրենց պաշտպանված զգալ ու գլուխները բարձր ապրել այն երկրներում, ուր հայտնվել են բախտի բերմամբ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով. գերխնդիրը հայի պատիվն ու անունը բարձր պահելն է ողջ աշխարհում:
Դավիթ ԲԱԲԱԲԱՆՈՎ