Ադրբեջանի Միլլի Մեջիլիսի՝ խորհրդարանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է, թե մեծ ցավ է ապրում, որ «որոշ միջազգային կազմակերպություններ Սերժ Սարգսյանի կեղծված հաղթանակին երկակի ստանդարտներով են մոտենում: Սակայն հատկապես մեծ ափսոսանք և ցավ է առաջ բերում այն փաստը, որ Հայաստանին շտապել է շնորհավորել Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, եղբայրական Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը»,-հինգշաբթի օրը հայտարարել է Ղուրբանլին:

Նրա խոսքերով՝ «շատերն են շնորհավորել Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, սակայն իր գլխավոր եղբայրական երկրի կողմից նման շուտափույթ շնորհավորանքը քողարկում է կեղծված նախագահական ընտրությունները: Դա մի նպատակ է հետապնդում՝ բարոյապես աջակցել Սերժ Սարգսյանին»,-մեջբերում է Trend.az-ը:

Թուրքիան իր հերթին պատասխանել է սիրելի երկրի կողմից հնչեցված՝ ուրիշի հետ իրեն դավաճանելու մեղադրանքներին:

«Թուրքիայի նախագահ Գյուլի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքն արվել է Թուրքիայի պետական ավանդույթներին համապատասխան: Այնպես, ինչպես նախկինում մենք շնորհավորում էինք աշխարհում նախագահ ընտրող բոլոր պետություններին, այնպես էլ այժմ հղել ենք շնորհավորական ուղերձ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին որպես պատասխան հղված նամակում. գրում է Haqqin.az-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերի 16-ին:

«Միջազգային էթիկայի և քաղաքավարության շրջանակներում փոխադարձաբար կարող են հղվել ուղերձներ»,-Ադրբեջանին հիշեցնում է Թուրքիան: