Կարեն Կարապետյանը շարունակում է կառավարության ձևավորման գործընթացը, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, տեղի են ունենում ոչ միայն նախարարների փոխատեղումներ ու պաշտոնանկություններ, այլև կառուցվածքային հստակ փոփոխություններ, որ տեսականորեն կոչված են՝ էլ ավելի արդյունավետ դարձնելու կառավարության հետագա գործունեությունը:Իհարկե, հարցը, թե որքանով է այս ամենն իրական կյանքում ազդելու կառավարության օգտակար գործողության գործակցի բարձրացման վրա, դեռևս հարցական է մնում, բայց այն, որ տեղի ունեցող գործընթացներին ամենևին էլ չի կարելի միանշանակ գնահատական տալ, փաստ է: Մասնավորապես՝ բավական լուրջ հարցականներ է առաջացնում Արծվիկ Մինասյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, երբ Կարապետյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ վարչապետի ու Մինասյանի ջրերը, կոպիտ ասած, մեկ առվով չեն հոսում:
Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել այս հանգամանքն, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ պարզ չդարձավ, քանի որ ենթադրել, թե հանգամանքն այդ պայմանավորված էր նույն Մինասյանի՝ ասենք պրոֆեսիոնալ կարողությունների բացակայությամբ, մասնագիտական հմտություններին չտիրապետելու փաստով կամ նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ոչ մի կերպ չես կարող. Մինասյանը պրոֆեսիոնալ տնտեսագետ է, անկաշառ պաշտոնյա, հատկանիշներ, որ ամենևին էլ հաճախ չեն հանդիպում մեր իրականության մեջ:
Նրա պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում դժվար է մտաբերել մի դեպք, երբ նախարարը կոպիտ վրիպում թույլ տված լինի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերած լինի այս կամ այն որոշումը կայացնելիս, չարաշահած լինի իր դիրքն, ինչպես դա արել ու անում են շատ ՀՀԿ-ական չինովնիկներ:Ասել կուզի՝ ոչ մի ռեալ փաստարկ ընդդեմ Մինասյանի Կարապետյանը չուներ՝ առաջարկելու Մինասյանին բնապահպանության նախարարի պորտֆելը, իսկ թե ինչ կարող էր նշանակել վարչապետի այն հայտարարությունը, թե այս պաշտոնում իրեն բիզնես մտածողություն ունեցող անձ է հարկավոր, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ, քանի որ հասկանալի չէ, թե հատկապես ինչ մեթոդոլոգիայով որոշվեց, որ Մինասյանն այդպիսին չէ…
Բայց ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենի հիմքում մեկ այլ, շատ ավելի խորքային պատճառ լինի ընկած: Հստակ շշուկներ կան այն մասին, որ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարի պաշտոնում (այժմ արդեն այդպես է կոչվում էկոնոմիկայի նախարարությունը) նշանակվելու է Սուրեն Կարայանն, ով եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ 2015-ից նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ՝ հիմնականում զբաղվելով ԵՏՄ-ի անդամակցության խնդիրներով: Ասել կուզի՝ Կարապետյանն իր կատարելիք նշանակմամբ է՛լ ավելի է ընդգծելու Հայաստանի զարգացման իր տեսլականի առանձնահատկությունները, որոնք, բնականաբար, կապված են ՌԴ-ի հետ Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների հետ. այս տեսանկյունից՝ Կարայանն ավելի յուրային է թվում, քան՝ մյուսները: Այնպես որ՝ արդեն իսկ կարելի է ասել՝ Հայաստանի էկոնոմիկայի զարգացման հիմնական ուղղությունը որոշված է՝ առավելագույն ինտեգրացիա ԵՏՄ-ին, որի մեխը պետք է լինի նույն ԵՏՄ-ից, բայց ավելի շուտ ՌԴ-ից Հայաստան ներդրումներ ներգարվելն, ինչն ավելի շուտ կոչված է լինելու ռուսական ազդեցության բարձրացմանն ու ունեցած լծակների հզորացմանը մեր երկրում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ