Շշուկներն այն մասին, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի փոխարեն ձևավորվելիք նոր կառավարությունում նախարար է նշանակվելու Լևոն Ալթունյանը, կարծես ճշտվում են, ու պարզվում է՝ օրերս Ալթունյանը Արմեն Մուրադյանի հետ եղել է Նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին՝ բռնելու նախագահականի քննությունը։ Այսպիսով՝ արդեն իսկ հաստատապես կարող ենք պնդել, որ Ալթունյանի պաշտոնական նշանակման հարցն օրերի խնդիր է:


Նախ մի քանի խոսք ապագա նախարարի մասին. Լևոն Ալթունյանը, բացի մասնագիտությամբ բժիշկ- անեսթեզոլոգ լինելուց, հանդիսանում է նաև ԱՊՊԱ ոլորտում մասնագիտացած «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, ու, ըստ տեղեկությունների, ունի նաև 25%-ի մասնաբաժին այդ ընկերությունում: Ավելորդ չի լինի նշել նաև այն, որ սույն ընկերությունն, ըստ որոշ տվյալների, պատկանում է Տիգրան Սարգսյանին, ով, ինչպես հայտնի է, ներկայումս հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Բացի այս ամենը՝ ապագա նախարարն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր առանձնահատկություն. նա Կարեն Կարապետյանի մտերիմներից է, մանկության ընկերն, ում Կարապետյանը անվերապահորեն վստահում է, ում հետ ընկերություն անում:


Այնպես որ, կարելի է արդեն իսկ ամրագրել, որ նոր կառավարությունում Ալթունյանը դառնալու է այն հերթական նախարարներից մեկն, ում մուտքը պետական կառավարման համակարգ տեղի է ունենում մասնավոր սեկտորից, ով Կարապետյանի վստահելիներից մեկն է, և ով, այսպես թե այնպես, ամուր կապերի մեջ է Մոսկվայի հետ: Իսկ հաշվի առնելով, որ մի քանի համընկնում մեկ տեղում ու այն էլ քաղաքականության մեջ զուտ ֆիզիկապես անհնար է, միտքը, որ Կարապետյանը հստակ հանձնարարականով է եկել Հայաստան,ավելի ու ավելի իրական է սկսում թվալ: 

 

Ակնհայտ է՝ Կարապետյանի կադրային քաղաքականության տրամաբանությունը մեկն է՝ Հայաստանում ամեն գնով հզորացնել ռուսական ազդեցությունը, ուժեղացնել ու ավելացնել ռուսական կողմի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած լծակներն ու ստեղծել յուրայինների մի բանակ, որոնք, հուսալի գործընկերներ կդառնան ոչ միայն անձամբ իր, այլև Կրեմլի համար՝ մինիմումի հասցնելով Արևմուտքի հնարավոր ազդեցությունը Հայաստանում ընթացող պրոցեսների վրա:


Ճիշտ է՝ պետք է ասել, որ Կարապետյանը սեփական կադրերին ընտրելիս անում է դա բավական խնամքով ու փորձում պաշտոններ վստահել նրանց, որոնք, իհարկե, դեռևս զուտ տեսականորեն, չեն ձախողի իրենց վստահված ոլորտներն ու պատվով կկատարեն այն առաքելությունը, որ վերապահված է իրենց՝ այդպիսով նպաստելով հայաստանյան հասարակությունում Ռուսաստանի ունեցած հեղինակության բարձրացմանը, որն, ինչպես հայտնի է, մեծապես տուժել է՝ հատկապես պայմանավորված ապրիլյան իրադարձություններով. Ալթունյանը, վստահաբար, Կարապետյանի կողմից ընկալվում է հենց այդպիսին:


Իսկ հարցը, թե, արդյոք, Ալթունյանին կհաջողվի՞ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ճահճից դուրս բերել Հայաստանի առողջապահության համակարգը, դեռևս մնում է հարցականի տակ, քանի որ, ինչպես հայտնի է, համակարգն առավել խոցելիներից է մեր իրականությունում, ուր վխտում է կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ. Մուրադյանն այնպես չի համակարգի «հերն անիծել»…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ