Կես կատակ-կես լուրջ նկատեմ, որ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության մեջ գենդերային բաղկացուցիչ եմ հայտնաբերել: Երեկ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը արդեն ասել է, թե պահպանելու է իր պաշտոնը: Մշակույթի նախարարության որոշ գործառույթներ «խուզվեցին», բայց Հասմիկ Պողոսյանի նախարարական ճակատագիրը դեռևս անհայտ է: Իր խնդիրները, կարծես թե, լուծել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Թեև նկատեմ, որ այս գերատեսչության թեման ամենաքննարկվողներից մեկն է: Խնդիրը միայն տիկին Հրանուշի անձը չէ, որ քաղաքականության մեջ է մի քանի տասնամյակ և արդեն օբյեկտիվորեն հոգնեցրել է մարդկանց:
Վիճահարույց է անգամ, Սփյուռքի նախարարության գոյության նպատակահարմարության հարցը: Տեղին է, նախևառաջ, հարցը քննարկել ինստիտուցիոնալ հարթության մեջ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այս նախարարության անհրաժեշտությունը, դրա հստակ գործառույթները չեն արձանագրվել անգամ 2008-ին, երբ այս մարմինը ստեղծվում էր: Հրանուշ Հակոբյանին պետք էր նախարար նշանակել, և ինչ-որ լուծում գտնվեց, սա է մեր պետական կառավարման համակարգի ողբերգությունը: Երբ որևէ գերատեսչության գործառույթ, կառուցվածք, անուն համապատասխանեցվում է քաղաքական կոնյուկտուրային, անձի քմահաճույքներին: Գուցե Կարեն Կարապետյանն անդրադառնար Սփյուռքի նախարարության խնդրին, դրան գերատեսչական այլ կարգավիճակ տալու կամ նախարարությունը լուծարելու՝ ու դրա գործառույթներն այլոց պատվիրակելու եղանակով: Ի վերջո, առաջիկա մեկ-երկու տարում նախարարացուների թիվը երկուսով կամ երեքով կրճատվելու է և, նույնիսկ, այդ հարթության մեջ Սփյուռքի նախարարության՝ լինել-չլինելու հարցը օրակարգային է:
Բայց հիմա խնդրին համապարփակ լուծում չտրվեց, որովհետև ինչքան էլ կադրային հարցերում Կարեն Կարապետյանին ազատություն է տրվել, նա լիարժեքորեն անկաշկանդ չէ:
Նույն Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարումը, գոնե, վեց ամսով երկարաձգելու հարցով վարչապետին կարող էին խնդրել և խնդրել են: Ասում են՝ անգամ Մոսկվայից է զանգ ստացել և ռուսաստանցի մեծահարուստ մեր հայրենակիցներից մեկն է Կարապետյանին խնդրել առայժմ անձեռնմխելի թողել Հրանուշի նախարարական կարգավիճակը: Բայց Հրանուշ Հակոբյանը տասնամյակների ապարատային հարուստ կենսափորձ ունի և, ի տարբերություն շատերի, մտածում է ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա համար: Մանավանդ միջնորդական զանգերը միշտ չէ, որ օգնում են:
Բացարձակապես պատահական չեմ համարում ՀՀԿ խմբակցության երեկ հնչեցրած առաջարկությունը՝ Սփյուռքի նախարարությունը «հայրենադարձություն» բառով լրացնելու մասին: Նախ՝ հանրապետականներն ուզում են ցույց տալ, որ դեռ իրենցից ինչ-որ բան ներկայացնում են և կառավարության կառուցվածքի հարցում կարող են նախաձեռնող լինել վարչապետից ոչ պակաս: Եվ հետո, ծառայություն են մատուցում տիկին Հրանուշին, ով, եթե այսօր հստակ չի կարող ասել թե սփյուռքի հատկապես որ խնդրով է զբաղվում, վաղը կամ մյուս օրը հպարտորեն խոսելու է հայրենադարձության մասին՝ թարմացնելով «Արի տուն» բրենդը:
Հայրենադարձության խնդիրը կարևոր է, առանցքային, անպատճառ պետք է լինի պետական քաղաքականության առանցքում: Սակայն, մի տեսակ պոպուլիստական, ցինիկ է հնչում, երբ հայրենադարձության խնդիրը ձևակերպում է մի իշխանություն, որի քաղաքականության հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթում են երկրից: Մյուս կողմից, հայրենադարձությունը չեն խրախուսում գեղեցիկ բառերով, կարգախոսներով, նախարարությունների անուններով: Պետք են հստակ քայլեր, բարենպաստ միջավայր, որոնք ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներին կհամոզեն թողնել իրենց ապահով երկրները , բարեկեցիկ կյանքը և վերադառնալ հայրենիք: Մինչդեռ արտերկրի մեր հայրենակիցները տեսնում են, որ այսօրվա Հայաստանը չի կարողանում լուծել անգամ Հայաստան գաղթած 20.000 սիրիահայերի խնդիրը: Հարցը ոչ այնքան մեր երկրի աղքատությունն է, որքան համատարած կոռուպցիան, անարդարությունն ու բեսպրեդելը: Բոլորս ենք կարևորում հայրենադարձությունը, բայց շատ շատերը Հայաստանում և սփյուռքում դրա առաջին նախապայմանը համարում են մեծ ու փոքր հրանուշներին, նրանցով ամբողջացող այսօրվա իշխանության հեռացումը:
Սարգիս Հակոբյան