Քիչ առաջ Ադրբեջանի Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանից տագնապալի լուրեր սկսեցին տարածվել: Թալիշստանի ազգային հեռուստատեսության հաղորդավար Զաբիլ Մաքերամովն այսօր' ժամը 12:00-ին հաղորդագրություն է տարածել որում, մասնավորապես, ասված է.
«Թալիշների եղեռնը շարունակվում է: Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանը շրջափակման մեջ է, քաղաքը պաշարել են ոստիկանական ուժերը: Բոլոր մզկիթները շրջափակված են հարյուրավոր ոստիկաններով: Ի՞նչ է կատարվում: Նուրի փաշան վերադարձել է նոր դեմքով, գրողը տանի, ի՞նչ է կատարվում, սկսվել են ձերբակալություններ»:
Այս պահին, երբ Լենքորանում սկսվել է Մուհարամի սուրբ ամիսը, երբ բոլոր շիա թալիշները հարգում են իմամ Հոսեյնի հիշատակը և առավոտից սկսել են գնալ մզկիթներ, հանկարծ հանդիպել են բիրտ ուժի' Ադրբեջանի ոստիկանությունը շրջափակել է Լենքորանի բոլոր մզկիթները և մարդկանց արգելում է ներս մտնել:
Այս ամենը սկսվել է դեռ երեկ' հոկտեմբերի 3-ին: Ովքեր ընդդիմանում են, ենթարկվում են բռնության ու ծեծի: Արդեն 15 մարդ ձերբակալվել է:
Շրջափակվել են նաև դպրոցները: Աշակերտներին և ուսուցիչներին հավաքել են դահլիճներում և բացատրական աշխատանքներ են տանում, շեշտելով, թե չի կարելի աղոթքի գնալ մզկիթներ, որովհետև «ինքնահռչակ շահ» Իլհամ Ալիևն արգելել է:
«Ադրբեջանի ղեկավարությունը ատում է ազգությամբ թալիշներին: Թալիշ ժողովուրդը սարսափած է, և չի հասկանում, թե այս պատժիչ օպերացիան ինչո՞ւ է կատարվում հենց Թալիշստանում»,-գրում է հեռուստալրագրողը:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լենքորանի հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված «Սա մեր պատերազմը չէ» հաղորդման մեջ Զաբիլ Մաքերամովը հայտարարել էր. «Այս պատերազմը մերը չէ: Թալիշները հայերի հետ կռիվ չունեն: Իշխանությունները լեզգիներին ու թալիշներին առաջին գիծ են տանում' ոչնչացնելու համար: Նրանք էթնիկ փոքրամասնություններին վերացնելու խնդիր են դրել»: