«Տիգրան Ուրիխանյանին հրավիրել էի զրուցելու: Մենք պարբերաբար զրուցում ենք: Ես Ուրիխանյանի հետ չունեմ անձնական խնդիր»:

 

 

ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը՝ իր և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քիչ առաջ ավարտված առանձնազրույցը:

 

 

«Ես որևէ պատգամավորի հետ անձնական խնդիր չունեմ: Որևէ պատգամավորի հանդեպ ոչ կոռեկտ ձևակերպումներ անելու խնդիր չունեմ: Իմ երեկվա ձևակերպումները եղել են ելույթի վերաբերյալ: Անկախ նրանից, ես եմ դա անում, թե մեկ ուրիշն է անում: Եթե ինքը վիրավորվել է, խորապես ափսոսում եմ, ես վիրավորելու խնդիր չեմ ունեցել»,- ասաց պատգամավորը:

 

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ի ամբիոնից Տիգրան Ուրիխանյանը հայհոյել էր Ստյոպա Սաֆարյանին, իսկ երբ Շարմազանովը նրան դիտողություններ արեց, պատգամավորը խոստացավ Շարմազանովի կյանքը դժոխքի վերածել:

 

 

Հարցին, թե Ուրիխանյանը Ձեզ մարտահրավեր է նետել՝ խոստանալով դժոխքի վերածել Ձեր կյանքը, ՀՀԿ-ականը հավելեց, թե ինքը մարտահրավերը չի ընդունում, քանի որ չի գտնվում մարտի դաշտում. «Ես համերաշխության և հանդուրժողականության կողմնակիցն եմ: Ես այս պառլամենտում խաղաղության աղավնու դեր ունեմ»: