Հայաստանը հետզհետե, գուցե ոմանց համար աննկատ կերպով, բայց վստահ քայլերով թևակոխում է բոլորովին նոր ժամանակաշրջան, որ, դատելով ամենայնից, խոստանում է ռեվոլյուցիոն փոփոխությունների սկիզբ դառնալ Հանրապետությունում. վաղուց հասունացել է պահը՝ արմատապես վերանայելու այն բոլոր սկզբունքներն ու գործիքակազմերը, որոնց միջոցով ղեկավարվում էր երկիրը վերջին տարիներին, որ, անկեղծ լինենք, ամենևին էլ ձեռքբերումների ժամանակահատված չեն եղել մեր ժողովրդի կյանքում:
Իսկ այս իրողության հիմքում ընկած է այն ճշմարտության համընդհանուր գիտակցումը, որ 21-րդ դարում կառուցել զարգացած, ժողովրդավար երկիր հին գործիքներով ու հնացած մեթոդներով, ոչ մի կերպ չի ստացվի, հետևաբար՝ միանգամայն բնական անհրաժեշություն է առաջացել մոտեցումների ու ձևերի արմատական վերանայման ու նոր գործիքակազմերի մշակման, որոնք թույլ են տալու մեզ օպտիմալ ժամանակահատվածում լուծել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք արմատն են հանդիասնում այն բոլոր դժբախտությունների, որոնք տևական ժամանակ է՝ պատուհասել են երկրին ու որոնց պատճառով Հայաստանն, ըստ էության, դատարկվում է. վաղուց հասունացել է նոր շարժման գաղափարը, որ հիմնահենքային նշանակություն պետք է ունենա բոլորովին նոր Հայաստանի կառուցման գործում, ու առանց որի որևիցե լուրջ ծրագիր հնարավոր չի լինելու ռեալիզացնել:
Իսկ շարժումները, որպես կանոն, ծնունդ են առնում հասարակական-քաղաքական դաշտում, որն, ինչպես հայտնի է, ներկայումս բավական թափթփված վիճակում է հայտնվել Հայաստանում.ժողովուրդը, հստակորեն գիտակցելով, որ դաշտում գործող հիմնական երևացող ուժերն ի սկզբանե նպատակ չեն հետապնդել դառնալու ժողովրդական ամենալայն զանգվածների ձայնը պետական բարձրագույն ատյաններում ու ներկայացնել ոչ թե իրենց նեղ, այլ՝ ժողովրդական շահերը, վաղուց հիասթափված է քաղաքական ուժերից ու հուսահատորեն որոնում է մի ուժ, որ կդառնա այն իրական հենարանը, որի վրա հենվելով՝ հասարակությունը փորձելու է վերափոխել այն գաղջ իրականությունը, որում տասնամյակներ ի վեր ապրում է: Իսկ առանց լայն համախմբման, ինչպես հայտնի է, մասշտաբային ծրագրեր իրականացնել ոչ մի կերպ չի հաջողվի, ուստի՝ նման համախմբման կարիքն ու անհրաժեշտությունը զգում են ոչ միայն նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են պրոցեսների մեջ, այլև նույնիսկ նրանք, որոնք թեպետ այնքան էլ մոտ չեն գտնվում այս ամենին, բայց ներքուստ գիտակցում են համախմբման կարևորությունն ու երկրի կյանում նոր ու լուսավոր էջ բացելու անհրաժեշտությունը:
Անվիճելի աքսիոմ է այն, որ նոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչումը հաճախ հնարավոր ու առավել էֆեկտիվ է դառնում այն ժամանակ, երբ այդ գործում ներգրավված են լինում նոր ու թարմ ուժեր՝ լի ամենայն վճռակամությամբ՝ սեփական ձեռքերով կերտելու իրենց ու հետագա սերունդների ապագան, ռեալիզացնելու այն բոլոր լուսավոր մտքերը, որոնցով ներշնչված են:
Այն,որ հայաստանյան քաղաքական դաշտի գերխնդիրներից մեկն էլ սերնդաոխության հարցն է, առանձնապես նորություն չէ. հասարակությունը վաղուց հոգնել է միևնույն դեմքերից, նրանց կեղտոտ քաղաքական խաղերից, որոնք, բացի վնասից, ոչինչ չեն տալիս երկրին: Ուստի՝ սերնդափոխության հարցն այն խնդիրն է, որի լուծման հարցում հարկավոր է լինելու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն ու սկզբունքայնություն՝ դարձնելու այն ոչ թե ձևական գործնթաց, երբ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվում, այլ՝ իրական մի պրոցես, որի երաշխավորված արգասիքը դառնալու է երկրում համընդհանուր տրամաբանության փոփոխությունն ու վաղուց կարծրացած բանաձևերի վերաձևակերպումն ու թարմացումը. քաղաքական սերնդափոխությունը հայաստանյան քաղաքական դաշտի օրակարգի համար մեկ խնդիրն է դարձել, առանց որի իրական փոփոխություններ ակնկալելը գրական ռոմանտիզմի չարդարացվաց դրսևորում կլիներ:
Այն ուժը, որ առաջիկայում ծնունդ է առնելու հասարակության խորքերից ու իր հետևից առաջնորդելու է նույն հասարակությանը, կոչված է լինելու նախևառաջ դառնալու այն կատալիզատորը, որի շնորհիվ հնարավոր է դառնալու լուծել այն բոլոր պրոբլեմները, որ ներկայումս ու նաև տեսանելի ապագայում ծառացած են լինելու Հայաստանի առաջ. այդ ուժը ծվելու է ժողովրդական ակունքներից՝ որպես գաղափարական հիմնահենք՝ ունենալով հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչների կողմից մշակած կոնցեպցիաներն ու ծրագրերը, որոնք ազգի փրկության միակ ու անխափան գրավականն են. Հայաստանն այլևս կանգնած է արմատական փոփոխությունների շեմին, որոնց հայ հասարակությունը պարտավոր է պատրաստ լինել…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ