Տարօրինակ է, որ պաշտոնական Բաքուն և Մոսկվան առնվազն մեկ շաբաթ հետո են արձագանքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ԼՂ հակամարտությանը վերաբերող տեսակետին: Սեպտեմբերի 29-ին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել էր, թե առաջնորդները պատրաստ չեն ԼՂ խնդրի կարգավորմանը: Սա, բնականաբար, ընկալվել էր որպես քառօրյա պատերազմով ամրագրված միջազգային նոր համատեքստի դրսևորում: Ստատուս քվոն փաստացի միջազգայնորեն ամրագրելու հեռանկարը, որը բխում է Քերիի այդ հայտարարությունից, բնականաբար, համահունչ է Հայաստանի շահերին:
Պատահական չէ, որ պաշտոնական Երևանն այսօր հրաժարվում է բանակցել «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում: Այս ամենն ինքնին հասկանալի է, արտառոցն այն է, որ Քերիի հայտարարության մասին Ադրբեջանում և Մոսկվայում հիշեցին միայն վերջին երկու օրերին: Ընդ որում, եթե ՌԴ ԱԳՆ-ի բացասական արձագանքը միանգամայն տեղավորվում է ռուս-ամերիկյան վերջին օրերի աննախադեպ հակադրության համատեքստում, Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը ադրբեջանական նոր արկածախնդրության նախապատրաստություն է հիշեցնում: Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության շեշտակի աճ է արձնագրվել, ինչի համատեքստում Ալիևի արձագանքը Քերիի հայտարարությանն ավելի ուշագրավ է դառնում: Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Քերին աջակցում է Հայաստանի «զավթողական քաղաքականությանը»: Դժվար չէ ենթադրել, որ Բաքվում նախապատրաստվում են նոր ագրեսիայի կամ, առնվազն, դրա իրականացման համար համապատասախան ֆոն են ստեղծում: Ընդ որում, դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի վերջին տարածաշրջան պլանավորած այցի շեմին:
Չի բացառվում, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է հակադրվել ենթադրյալ առաջարկներին, որոնցով տարածաշրջան են գալիս համանախագահները: Այդ առաջարկները կարող են վերաբերվել, օրինակ, հրադարադարի մեխանիզմների ներդրմանը ինչը դարձյալ ուղղված է ստատուս քվոյի ամրագրմանը: Կամ Բաքուն իր ագրեսիվությամբ փորձում է օրակարգ թելադրել միջնորդներին, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմը սանձազերծելով: Չնայած Մոսկվայում և Բաքվում գրեթե միաժամանակ արձագանքեցին Քերիին, դժվար է միանշանակ պնդել, թե արդյոք Բաքվի նոր ագրեսիվությունը սեփակա՞ն, թե՞ ռուս-ադրբեջանական նախաձեռնության հետևանք է:
Ամեն դեպքում հիմա պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան՝ ապրիլին: Դա պայմանավորված է սիրիական ճգնաժամի խորացմամբ, ռուս-ամերիկյան աննախադեպ հակադրությամբ: Եթե նախկինում պատերազմը զսպվում էր միջազգային թեկուզև թույլ համագործակցության պայմաններում, հիմա զսպող այդ մեխանիզմը փաստացի չի աշխատում:
Սարգիս Հակոբյան