Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը խոսելով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին, նշեց՝ եթե նա վերադառնա քաղաքականություն՝ կգործի հանուն հայ ժողովրդի ու իր երկրի։ 

 

«Բայց, քանի դեռ անձամբ Ծառուկյանի կողմից որևէ առարկայական հայտարարություն չի եղել, ես ինձ իրավունք չեմ վերապահի դրա հետ կապված որևէ գնահատական տալ։ Ընդամենը կասեմ հետևյալը՝ Ծառուկյանին համարում եմ պատվախնդիր անձնավորություն,  և եթե նա վերադառնա քաղաքականություն, համոզված եմ՝ կգործի հանուն հայ ժողովրդի ու իր երկրի»։ 

 

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանին համարում էր քաղաքական չարիք, Դալլաքյանն ասաց. «ՀՀ-ում պետք է արմատախիլ արվի այն մոտեցումը, որ որևէ կուսակցության ղեկավար, անկախ նրանից հանրապետության նախագահն է, թե ոչ, իրեն իրավունք չպետք է վերապահի այլ կուսակցության ղեկավարի հետ կապված նման հայտարարություներ անի։ «Սա տոտալիտար կառավարման ամենացայտուն օրինակն է։ Բնականաբար, ես Ծառուկյանին երբեք չարիք չեմ համարել քաղաքականության մեջ, այլ չարիք համարում եմ նրանց, ովքեր Ծառուկյանին նման գնահատական են տվել»,- հավելեց Դալլաքյանը։ 

 

Հիշացնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալիս, դուրս է գալիս ՀՀԿ-ից և պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։