Ինչպես հայտնի է, այս օրերի ամենաքննարկվող թեման հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովն է: Այն, որ այս գագաթնաժողովը Հայաստանի համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, կասկածից վեր է. այն, կարելի է ասել, ուղղակիորեն բխում է ՀՀ անվտանգության կենսական շահերից, որի կարևորությունը ստիպված եղանք վերագնահատել հատկապես ապրիլյան տխրահռչակ դեպքերից հետո:
Իսկ հասկանալու համար, թե հատկապես ինչ կարելի է ակնկալել նախագահների գագաթնաժողովից, հարկավոր է հասկանալ, թե ինչ համատեքստում է այն տեղի ունենում: Ակնհայտ է, որ գագաթնաժողովի՝ Երևանում կայանալու փաստն ինքնին արդեն բավական խոսուն է, քանի որ եթե հաշվի առնենք այն, որ արծարծվող թեմաները բավական գլոբալ բնույթի են լինելու՝ անմիջականորեն առնչվող Ռուսաստանի անվտանգությանը: Հաստատ կարելի է պնդել, որ հանդիպման վայրն ամենևին էլ պատահաբար չի ընտրվել. Մոսկվան, ինչպես երևում է, այս ողջ ընթացքում հասցրել է, ինչպես հարկն է, վերարժևորել Երևանի հետ ունեցած հարաբերություններն ու հասկացել է, որ մենք այն երկիրը չենք, որին կարելի է ուզած պահին գցել, որին կարելի է արհամարհել, վարվել ուզածին պես: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը հասկացել է՝ Հայաստանը ռեալ աշխարհաքաղաքական գործոն է, որի շահերի հետ հաշվի չնստել չի կարող և, որի հետ պարտավոր է զարգացնել ունեցած համագործակցությունը:
Ասվածի փայլուն ապացույցը կարելի է համարել հոկտեմբերի 13-ին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի ու ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի միջև տեղի ունեցած հանդիպումը, երբ հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը՝ ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով. Մոսկվան փորձում է է՛լ ավելի խորացնել Երևանի հետ ունեցած ռազմատեխնիկական համագործակցությունն՝ այս անգամ արդեն թափ հաղորդելով ռազմաարդյունաբերությանը (եթե իրականություն դառնա այն, ինչ պլանավորվում է, ապա հնարավոր կլինի ասել, որ դա հսկայական առաջընթաց կլինի Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման առումով):
Այսքանից հետո հարց է առաջանում՝ ի՞նչը հատկապես ստիպեց Ռուսաստանին վերարժևորել հայ-ռուսական հարաբերությունները ու հասկանալ, որ վասալային փոխհարաբերությունները տեղ չեն կարող ունենալ երկու երկրների հարաբերություններում: Անկասկած՝ Հայաստանի ներքին համախմբածությունն ու միասնությունն էր, որ դրսևորվեց հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ զգալով արտաքին վտանգը՝ հասարակության յուրաքանչյուր անդամ հասկացավ՝ առանց համզգային համախմբվածության ու միակամության դատապարտված ենք լինելու սրա-նրա ստրուկը, սպասարկելու բացառապես այլ երկրների շահերը. կյանքը մեկ ավելորդ անգամ ևս ապացուցում է, որ հանճարեղ Չարենցը չէր սխալվում, երբ հայ ժողովրդի փրկության միակ առհավատչյան ազգային միասնությունն էր համարում:
Անհերքելի է՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին մարտահրավերներին Հայաստանն ունակ է լինելու հաջողությամբ դիմագրավել միայն այն պարագայում, երբ հասարակությունը, սթափվելով նիրհից, կկարողանա դրսևորել իր լավագույն որակներն ու համախմբվել, միավորվել հանուն համընդհանուր բարօրության՝ երկրորդ պլան մղելով անհատական շահն ու ոմանց այնքան հարազատ դարձած մորթապաշտությունը…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ