Նախօրեի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը այսօր ուշ երեկոյան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

 

«Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մեզ մոտ՝ թոքի և սրտի վնասվածքներով, վիրահատվել է, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում, սակայն 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտի կծկողականությունը շատ թույլ է, ապարատային շնչառության տակ է, ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել էին վերակենդանացման բաժնից:

 

22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին էր և Սևան քաղաքի բնակիչ: Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա նշանածը՝ Հերիքնազը, լրագրող է:

 

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։