Նորություն չէ, որ Հայաստանում տիրող ծանր վիճակի հիմքում ընկած է ոչ միայն տնտեսական գործոնն, այլև՝ քաղաքական: Սխալված չենք լինի, եթե պնդենք, և դա փաստ է, որ տնտեսական վատառողջ մթնոլորտի հիմքում հիմնականում ընկած են հայաստանյան քաղաքական համակարգի չկայացվածությամբ պայմանավորված գործոնները, որոնք երկար տարիներ է, ինչ թույլ չեն տալիս տնտեսությանը լիաթոք շնչել. իշխանությունները, բացի երկրի կառավարումը սեփական ձեռքերում կենտրոնացնելուց, ուզուրպացրել են նաև տնտեսական ողջ համակարգը, որի հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրում այլևս անհնարին է դարձել համընդհանուր զարգացումն ու առաջընթացը:


Անկասկած, նման ողբերգական իրավիճակի պատճառ պետք է համարել ոչ միայն իշխանությունների ագահությունն ու ժլատությունը՝ հասարակությանը մասնակից չդարձնելու սեփական խրախճանքին, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերի անկարողությունը՝ ստիպելու մեր երկրի քաղաքական համակարգում հեգեմոն դիրքեր զբաղեցնող ՀՀԿ՝ հաշվի նստելու հասարակության պահանջմունքների ու օրախնդիր դարձած ու անլուծելի թվացող պրոբլեմների հետ. «ընդդիմադիր» կոչվող քաղաքական ուժերը՝ ներկայացված ներկայիս խորհրդարանում, վաղուց կամովին վերածվել են իշխանությունների յուրատեսակ կցորդի ու բացի զուր տեղը ճղճղալուց՝ ուրիշ այլ բանի ընդունակ չեն: Այս ամենում կարելի է հաստատապես համոզվել՝ ստուգելով, մասնավորապես, վերջին շրջանում հայրենի խորհրդարանում անցկացված որոշ քվեարկությունների արդյունքները. դրանցից պարզ է դառնում, որ ընդդիմադիրներից շատերը, հակառակ ունեցած ելույթների, քվեարկել են ճիշտ այնպես, ինչպես ձեռնտու է եղել իշխանություններին: Հենց միայն Տիգրան Մուկուչյանի շուրջ վերջերս տեղի ունեցած քննարկումն ու քվերակությունը բավարար է, որպեսզի պարզ դառնա, որ մեր «ընդդիմադիրների» շրջանում բավական լայնորեն տարածում է ստացել իշխանություններին ծախվելու պրակտիկան. Մուկուչյանը ստացել էր 98 ձայն այն պարագայում, երբ ՀՀԿ-ից 6 հոգի բացակայել էր ու քվերակության ժամանակ դահլիճում չէր գտնվել: Հետևաբար՝ հարց. որտեղի՞ց հավելյալ 32 ձայն...Ցավոք, սա ընդամենը մեկն է այն բազում դեպքերից, որոնք բավական ցցուն կերպով ցույց են տալիս, թե ինչի են վերածվել հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները, որոնց, ի դեպ, ժողովուրդը ևս վստահության քվե է տվել:

 

Իսկ այս ամենը հուշում է մեկ բան՝ Հայաստանում վաղուց օրհասական անհրաժեշտություն է առաջացել նոր քաղաքական ուժի ասպարեզ իջնելու, ուժի, որը ոչ թե կամովին կվերածվի իշխանությունների մանկլավիկի՝ հոժարակամ վաճառքի հանելով վստահության այն ձայները, որ ստացել է ժողովրդից, այլ մինչև վերջ հավատարիմ կմնա այն կոչմանը, որով օժտելու է նրան ամեն ինչից հիասթափված ու հույսի նոր շող տեսած հանրությունը. առանց քաղաքական դաշտ նոր ուժի մուտքի՝ երկիրն ու  տնտեսությունը դուրս բերել այն խորը ճգնաժամից, որում նրանք գտնվում են, անհնար է լինելու: Վստահաբար՝ նոր ուժի ի հայտ գալը կարող է և պե՛տք է խաղա նաև յուրատեսակ կատալիզատորի դեր ողջ քաղաքական սիստեմի համար՝ միգուցե նաև իր շուրջը համախմբելու ու կոնսոլիդացնելու ընդդիմադիր դաշտը՝ իմաստ ու բովանդակություն տալով «ընդդիմադիր» եզրույթին, որը, ցավոք, բավական վաղուց իմաստազրկվել է Հայաստանում:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ