«Հայերը նման բանի ընդունակ չեն»,- խոսելով հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հետաքրքիրն այն է, որ դահլիճում ներկա գտնվողներն առաջին պահին մտածեցին, որ դա ասվեց փոխաբերական իմաստով, սակայն պարզվեց, որ ամենևին էլ ոչ: Այսպես է հիշում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունը, որը լուրջ հետք թողեց ինչպես Հայաստանի քաղաքականության, այնպես էլ պատմության մեջ:

 

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի խումբ անձինք զինված հարձակում գործեցին ՀՀ ԱԺ-ի վրա, որտեղ զոհվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Արմենակ Արմենակյանը, Յուրի Բախշյանը և այլ քաղաքական ու պետական գործիչներ:

 

«Այս ողբերգությունը ոչ միայն մեր պետության, այլև ազգի համար շատ դժվար և դաժան բան էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

 

Հարցին՝ թե ինչո՞ւ մինչ օրս չի բացահայտվել այդ ոճրագործությունը,- Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նրանք, ովքեր մասնակցել են այդ հանցավոր արարքին, բոլորն էլ կալանավորված են: ԱԺ նախագահի խոսքով՝ այդ ոճրագործության ակունքներում կանգնած են դրսի ուժերը, ովքեր ինչ-որ կերպ կարողացել են ինչ-որ բան կազմակերպել: «Բնականաբար, դրսից էր, որովհետև ես չեմ կարծում, թե հայերը նման բանի ընդունակ են»: