Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ըստ լրատվամիջոցների, ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՇեշտենք՝ դատավորը ձերբակալվել է փողոցում: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է՝ դատավորն ընտրված քավության նոխազ է՝ հանրությանը ՄԻԵԴ-ի որոշումից շեղելու համար:

 

Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը երեկ՝ հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը և վարքագծին՝ գործը քննելու ընթացքում: Դիմումատուները ՄԻԵԴ-ին ներկայացրել են, որ Մկրտումյանը փորձել է Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող և գործով պատասխանողին պարտադրել, որ հաշտության գան:

 

Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության և իրավահավասարության սկզբունքի, արդար դատավարության իրավունքի խախտում և անօրինական կերպով սեփականության իրավունքից զրկում: Վճռի համաձայն՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել:


Աթանեսյանը վստահ է՝ այս որոշումից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, իսկ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը և կարգապահական հարցերի հանձնաժողովը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ:


իսկ Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում շեշտեց՝ Եվրոպական դատարանը, նախքան վճիռը հրապարակելը՝ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ պատրաստվում է հոկտեմբերի 27-ին սույն գործով վճիռ հրապարակել և հենց այդ հաղորդագրության մեջ նշված էր judge M., այսինքն՝ դատավոր Մկրտումյան:

 

«Նորմալ, կայացած երկրում, հենց այդ հաղորդագրության պահին պետք է դատավորը հրաժարական տար, քանի որ խոսվում էր մեր դատական իշխանության բարձրագույն պաշտոնյայի մասին և առաջին անգամ է, որ Եվրոպական դատարանը հստակ գնահատական է տալիս կոնկրետ դատավորի գործունեությանը: Ես կարծում եմ՝ Արման Մկրտումյանը 20 տարի ժամանակ է ունեցել Վճռաբեկ դատարանում փոփոխություն կատարելու: Արդյոք դա նրան հաջողվել է թե ոչ, ես չէ որ պետք է գնահատական տամ, դա ակնհայտ է, բոլորս էլ կարող ենք գնահատական տալ»,- ասաց Վարոսյանը:

 

ՄԻԵԴ-ի որոշումի հրապարակումից հետո, կայծակնային արագությամբ՝ գիշերը, ձերբակալվեց դատավոր Իշխան Բարսեղյանը՝ կասկածվելով 500-1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: Փաստաբան Վարոսյանը դժվարացավ ասել՝ ինչքանով է Բարսեղյանն ընտրված քավության նոխազ և հասարակությանը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործից շեղելու միջոց.

 

«Այդ մասին հստակ ասել, կարծում եմ՝ դժվար է, քանի որ փաստեր են պետք: Իսկ քավության նոխազի մասով, կարող եմ ասել՝ հնարավոր է: Եթե հիշում եք՝ որոշ ժամանակ առաջ այս դատավորը խնդիրներ ուներ հենց Արդարադատության խորհրդի հետ, դատական իշխանության բարձրագույն ատյանների հետ խնդիրների մեջ էր: Այս պարագայում հնարավոր է՝ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ գործ ունենք քավության նոխազի հետ: Հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում: Արդյո՞ք դատավոր Բարսեղյանի ձերբակալությունը կհանգեցնի դրական փոփոխությունների դատական համակարգում, նաև կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, թե՞ «քավության նոխազ» օպերացիայի տակ իրական կոռուպցիոներները կշարունակեն իրենց խրախճանքը»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

 

Ի դեպ՝ ՀԺ-ի տեղեկություններով՝ դատավոր Բարսեղյանն անձնական լուրջ խնդիրներ ունի. վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում: 

 

Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը հայտարարում է, որ դատավորի ձերբակալությունից մոտ երկու ժամ առաջ տեսել է վերջինիս, Հովհաննսիայանի խոսքով՝ կասկածելի անձնավորության հետ: «Բայց որքան ջանքեր թափեցի դադարեցնելու նրանց շփումը, ցանկանալով Իշխանին հասկացնել, որ այդ մարդը վտանգավոր տիպ է երեւում, այդպես էլ չկարողացա: Եկավ, մի մեքենա կանգնեց Շենգավիթի դատարանի մոտ, այդ անձնավորության հետ Իշխան Բարսեղյանը նստեց, ինձ ցտեսություն ասաց, եւ մեքենան շարժվեց:

Ինչպիսի՞ հանգամանքներում և ինչո՞ւ է ձերբակալվել Իշխան Բարսեղյանը՝ չեմ կարող գուշակել: Բայց Իշխան Բարսեղյանի հետ գտնվող այդ մարդը հետապնդող անձնավորության տպավորություն էր թողնում: Թե ինչու Իշխանը չէր ընկալում այդ երևույթը, ինձ զարմացնում է: Այսուհետև գուցե անձինք գտնվեն, որ վկայություններ կտան Իշխան Բարսեղյանի անցյալի կամ ներկայի մասին, ոմանք կվկայեն ճշմարտությունը, ոմանք կզրպարտեն: Ժողովրդական խոսք է՝ եզն ընկավ, դանակավորները շատացան: Ես ափսոսում եմ այդ մարդուն և ցավում եմ կատարվածի համար:

 

Դեռևս 2013-ին Իշխան Բարսեղյանին Արդարադատության խորհուրդը հայտարարել է նկատողություն՝ զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:


Իսկ 2015թ.-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմել էր արդարադատության խորհուրդ՝ Բարսեղյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, սակայն խորհուրդը կարճել էր Բարսեղյանի դեմ հարուցված գործը՝ նրան պատասխանատվության ենթարկելու դիմումի ժամկետները հանձնաժողովի կողմից չպահպանելու հիմքով:

 

ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորն անձեռնմխելի է: Նա չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո:

 

Օրենսգրքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են հանրապետության նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո, ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության նախագահի տված համաձայնության: Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից՝ տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

 

Աբսուրդը կայանում է նրանում, որ տեղով սկանդալի մեջ հայտնված Վճռաբեկ դատարանի դատավոր Արման Մկրտումյանը պետք է տեղեկացվի Շենգավիթի դատավորի ձերբակալման մասին, չնայած նրան, որ փաստաբանների մի խումբ համոզված են, որ Վճռաբեկի դատավորը պետք է արդեն հրաժարական տված լիներ: 

 

Քրիստինա Աղալարյան