Անտարբեր չէի կարող անցնել, որովհետև Sputnik Արմենիայի հրապարակումից հետո մարդասիրական այս նախաձեռնության տարածմանը միացան համարյա բոլոր լրատվամիջոցներն ու կայքերը: Սրտացավությամբ են մոտեցել նաև հազարավոր մարդիկ՝ տարածելով նյութը:

 

Հյուսիսային Օսեթիայում բնակվող վիրաբույժ Կազբեկ Կուդզաևը փնտրում էր 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին, որի անունն անգամ չէր հիշում: Միակ փաստը բժշկի և փոքրիկ աղջնակի նկարն էր: Հիվանդանոցում փաստաթղթային արխիվը չկար: Վիրաբույժը կարողացել էր փրկել աղջնակի մի ոտքը:

 

... Ու ահա տեղեկանում եմ, որ Sputnik Արմենիային հաջողվել է գտնել 1988 թվականի երկրաշարժից փրկված աղջնակին, ով բավականին հայտնի է ու մեծ հաջողությունների է հասել: Նրա անունը չի գրվում, բայց ասվում է, որ սպասենք բժիշկ Կուդզաևի ու առայժմ անհայտ, բայց արդեն Sputnik Արմենիային հայտնի մեր հերոսուհու սպասված հանդիպմանը:

 

ՀԳ Օրվա ամենամեծ հրաշքն է սա: Երբ փոքրիկ աղջնակն անընդհատ մտածել է իրեն փրկած բժշկի մասին ու հանկարծ իմանում է, որ բժիշկը փնտրում է իրեն: Ահա սա է բժշկի ամենավեհ կոչումն ու առաքելությունը, երբ անտարբեր չէ իր հիվանդի հետագա ճակատագրի հանդեպ:

 

Տասնյակ տարիներ անց կրկին գլուխ է բարձրացրել Մարդ Բժիշկը՝ ի՞նչ եղավ իմ փոքրիկի հետ, ով արդեն հասուն, կայացած ու ճանաչված կին է:

Հ. Բ.