Դերասաններ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը՝ Անի Ներսիսյանը, ով դասախոսում էր Կինոյի և թատրոնի պետական ինտիտուտում, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ արտահայտելով իր դժգոհությունները՝ կապված մանկավարժների աշխատավարձերի չափի հետ.
«Այս հինգ տարիների ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը, ցավոք սրտի, չի գնահատվում երկրի և պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլ բոլոր վաստակաշատ մանկավարժների և դասախոսների մասին, ովքեր սերունդ են դաստիարակում և կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների, ՀՀ ժողովրդական արտիստների, դոցենտների, պրոֆեսորների, ինչու չէ նաև երիտասարդ դասախոսների մասին, ովքեր չգնահատվելով պետության կողմից խղճուկ աշխատավորձով սերունդ են կրթում»:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Ներսիսյանը փաստեց. ոլորտն իրականում լճացած է, մեր երկրում չի գնահատվում մանկավարժի դերը:
«Մանկավարժները ստանում են չնչին և ողորմելի աշխատավարձ, որը արժանապատիվ չէ: Խոսում ենք սերնդափոխության մասին, բայց որ երիտասարդը կմնա և սերունդներ կդաստիարակի և կկրթի նման աշխատավարձով: Խոսքը ոչ միայն կրթական ոլորտին է վերաբերում, այլ նաև թատրոնին և այլ ոլորտներին, որտեղ, ստանալով 50.000-60.000 աշխատավարձ, մարդիկ չեն կարողանում ապրել, ընտանիք ստեղծել: Պետք է պարզապես խորանալ և հասկանալ, թե ինչումն է խնդիրը:
Ինչ վերաբերում է Անիին, ով լիովին նվիրված և տրված է իր գործին, ում սիրում էին ուսանողները, պետք է հասկանալ՝ ինչն է դրդել նրան թողնել այդքան սիրելի աշխատանքը: Սա վերաբերում է ոչ միայն Անիին, այլև բոլորին, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն բարձրաձայնում խնդիրների մասին: Բուհերը և այլն, կարծես մի քանի հոգու համար են ընդամենը: Անին որպես ՀՀ լիիրավ քաղաքացի արձագանքեց, որպեսզի այս բոլոր հարցերին ուշադրություն դարձնեն ԿԳ նախարարը և վարչապետը»,- ասաց Ներսիսյանը:
Մեր այն հարցին՝ արդյոք համապատասխան մարմիններից արձագանքե՞լ են դստեր բարձրացրած խնդրին, դերասանը պատասխանեց, որ մեր իրականության մեջ այդքան արագ չեն արձագանքում նման խնդիրներին, եւ, իր կարծիքով՝ լուրջ չեն վերաբերվի երիտասարդ դասախոսի նամակին:
«Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և ամբողջ կրթական համակարգը աղավաղված են: Լճացած խնդիրներ կան, որոնք շտապ լուծման անհրաժեշտություն ունեն: Այնպես չի, որ սպասում էին Անիի նամակին: Սա ընդամենը հերթական ահազանգն է, սրա մասին միշտ խոսվել և ասվել է: Պարզապես՝ այս դեպքում խնդրի մասին երիտասարդ դասախոսն է բարձրաձայնում: Պետք է նմանատիպ խնդիրները լուծում ստանան. հիմա, թե հետո՝ ժամանակը ցույց կտա: Հարիր կլինի, որ վարչապետի և նախարարի կողմից արձագանքը չուշանա, քանի որ իրենք ավելի լավ գիտեն՝ երբ և ինչ ձևով լուծումներ տան այսօրինակ հարցերին», - իր խոսքը եզրափակելով՝ նշեց Տիգրան Ներսիսյանը:
Սոնա Հարությունյան