Վերջին շրջանի ամենամեծ հետաքրքրություն առաջացրած հարցերից մեկը՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ճակատագրի հարցը, կարծես հետզհետե սկսում է գտնել իր երկար սպասված լուծումը. ակտիվորեն սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը, հնարավոր է՝ ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ ասեկոսեների՝ Կարապետյանի ՀՀԿ անդամակցության հարցն էլ կորոշվի ՀՀԿ համագումարից ընդամենը մեկ շաբաթ առաջ, ինչի մասին կհայտարարի անձամբ Կարապետյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնին, որն, ինչպես հայտնի է՝ ընտրական շրջանում ամենակարևոր պաշտոններից մեկն է Հայաստանում, ապա, ըստ նույն այդ լուրերի, այն, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանն՝ անձամբ:


Եթե շրջանառվող լուրերը բռնեն ժամանակի քննությունն ու հաստատվեն, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ մոտ ապագայում հայաստանյան հանրությունը բավական հետաքրքրաշարժ պատկերի է ականատես դառնալու. հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ երկրի բարձրագույն պաշտոնյան ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը: Թե ինչի հետ կարող է կապված լինել Սերժ Սարգսյանի այսօրինակ հավանական որոշումը, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել, քանի որ պարզից էլ պարզ է, որ այս ամենը Սերժ Սարգսյանի կողմից մտահղացվել է ընդամենը մեկ նպատակով՝ ՀՀԿ հին գվարդիային, որի գլուխ, ինչպես հայտնի է՝ կանգնած է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդմիշտ զրկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու կամ դրանում ազդեցիկ խոսք ունենալու հնարավորությունից: Ինչպես հայտնի է՝ հենց Հովիկ Աբրահամյանն էր առավելապես դիտարկվում՝ ՀՀԿ նախընտրական շտաբի ապագա պետի ամենահավանական թեկնածու, որով Աբրահամյանն, ըստ էության, հնարավորություն էր ստանալու կրկին վերադառնալու ակտիվ քաղաքականություն:


Ինչ վերաբերում է Կարապետյանին հանրապետականացնելուն՝ ակնհայտ է, որ սա ավելի շատ «PR» ակցիա է իրենից ներկայացնելու, քան Կարապետյանի ապագայի հարցում կոնկրետ հետևանքներ ունեցող քայլ,քանզի կասկած լինել չի կարող այն բանում, որ վարչապետի անունն առաջին համարի տակ տեղավորելը դեռևս չի նշանակելու, որ հենց նա է դառնալու ապագա վարչապետ. հայտնի է, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հասցրել է ի լուր համայն աշխարհի հայտարարել, որ ապագա վարչապետացուն հենց ինքն է: Հետևաբար՝ Սերժ Սարգսյանն իր այս քայլերով ոչ թե մտադիր է Կարապետյանի առաջ քաղաքական ուղի հարթել, այլ՝ նրանով ապահովագրվել՝ իսկապես հավերժացնելու սեփական իշխանությունը Հայաստանում:


Իսկ թե այս ամենից հետո ինչ դիրք կբռնի Հովիկ Աբրահամյանն՝ իր թիմակիցների հետ ձեռք-ձեռքի տված, ցույց կտան առաջիկա ամիսները,բայց որ նրան դյուրին ապագա չի սպասվում, արդեն իսկ կայացած իրողություն է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ