Նոյեմբերի 1-ին հայաստանյան պետական «Էներգաիմպեքս» ընկերության և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության միջև նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Կասկածից վեր է, որ շուտով կառավարությունը թմբկահարելու է այս փաստաթուղթն՝ այն ներկայացնելով իբրև հայ-իրանական հարաբերությունների զարգացման արգասիք։ Կարելի է տուրք տալ պոպուլիզմին և հայտարարել, թե այս համաձայնագրով Հայաստանը դառնում է տրանզիտ երկիր։

 

Հայաստանի այս կառավարությունը նույնպես հույսը դրել է հասարակության ստվար հատվածի ոչ բավարար ինֆորմացվածության վրա։ Մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանի թիմը մտածում է, թե գազի ու հոսանքի գների մոտալուտ էժանացումն այնքան է ոգևորել ժողովրդին, որ նա այլևս հետամուտ չի լինի տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապի բացահայտմանը։

 

Սակայն կառավարության ղեկավարի, նախարարների տված անգամ կցկտուր տեղեկատվությունը բացահայտում են կապը, որն առկա է գազի գնի իջեցման ու հայ-իրանական գազային համաձայնության միջև։

 

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է սուբսիդավորել Հայաստանում գազի սակագնի իջեցման ծախսերը, եթե այդ գործընթացի հետ կապված ռիսկեր առաջանան: Մերոնք այս փաստը ներկայացնում են որպես ձեռքբերում։ Իրականում՝ լրիվ հակառակ պատկերն է, որովհետև եթե մի օր «Գազպրոմ»-ի «բարի կամքը» չլինի, գազը դարձյալ կթանկանա։ Բոլորը գիտեն, որ «Գազպրոմ»-ը բարեգործական հիմնարկ չէ ու դեռ ավելին՝ որպես ճնշման գործիք՝ Կրեմլի կողմից օգտագործվում է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ։ Եթե ռուսական այս «հսկան» ինչ-որ բան սուբսիդավորում է, ապա դա անում է՝ հետապնդելով կոնկրետ շահեր։ Այն փաստարկը, թե Կարեն Կարապետյանը Ռուսաստանի կամ «Գազպրոմ»-ի «մարդն» է՝ թույլ է, ու, մեղմ ասած՝ համոզիչ չի թվում։

 

Որևէ բան չի հուշում, որ Կարապետյանն իշխանության ժառանգորդ է, իսկ նման բոնուսներ՝ օդում չեն արվում։ Նույնիսկ՝ եթե մի պահ ընդունենք, որ «Գազպրոմ»-ը տուրք է տալիս Հայաստանի իշխանությունների նախընտրական տրամադրություններին, ապա սա անթույլատրելի միջամտություն է Հայաստանի քաղաքական կյանքին։

 

Սակայն ընտրությունները Հայաստանի իշխանությունների «փորացավն» են, իսկ ռուսական կողմն իր համար ստացել է շատ ավելի առարկայական դիվիդենտ և որքան էլ պարադոքսալ հնչի՝ նոյեմբերի 1-ի հայ-իրանական գազային համաձայնություններով։ Թվում է՝ Թեհրանում կնքված գազային համաձայնագիրը թուլացնում է Հայաստանի գազային կախվածությունը՝ Ռուսաստանից։ Սակայն այդպես է՝ միայն առաջին հայացքից, իսկ իրականում՝ այս համաձայնագրում առկա է նույնիսկ ռուսական թելադրանք։ «Գազպրոմ»-ը առաջարկում է Իրանի հետ համատեղ սվոփ մատակարարում իրականացնել: Երևի, միայն այդ պայմանով է «Գազպրոմ»-ը խոստացել Հայաստանի համար իջեցնել գազի գինը:

 

Ի՞նչ է Հայաստանը շահում սվոփից: Հայաստանի համար գազի գինը կարող է նվազել, եթե գնագոյացումից դուրս գա Վրաստանով փոխադրումը: Սակայն Հայաստանը կորցնում է Իրանից Եվրոպա տրանզիտ դառնալու հեռանկարը՝ դրա հնարավորությունը տալով Ռուսաստանին: Ահա թե գործնականում ինչ է ստացել «Գազպրոմ»-ը և, թե ինչու է «հումանիզմից» դրդված՝ էժանացրել Հայաստանին տրվող գազի գինը։ Հայաստանի կառավարությունը երկրի երկարաժամկետ զարգացման մասին մտածելու պարագայում՝ Իրանի հետ առնվազն խոսակցություն կծավալեր՝ նոր՝ արդեն տեխնիկապես լիարժեք տարանցիկ հնարավորություն ունեցող խողովակաշարի կառուցման շուրջ, փորձելով ներգրավել այլ գործընկերների:

 

Սակայն Հայաստանի իշխանության օրակարգում՝ բացառապես առաջիկա ընտրություններն ու դրանցում «լավ արդյունք» ցույց տալն է։ «Էժան գազ» օպերացիան այդ շարքից է։ Ի դեպ, ապրիլի 2-ից հետո կարող է պարզվել, որ գազի էժանացման սուբսիդավորում որևէ մեկը չի իրականացնում և վերադառնանք ի շրջանս յուր, այսինքն՝ բարձր սակագների։ Հիշո՞ւմ եք՝ Հայաստանի իշխանությունները 2013թ.-ի նախագահական ընտրություններից առաջ թաքցրել էին գազի թանկացման փաստը։ Սերժ Սարգսյանը վերընտրվեց, երկիրն՝ իշխանության ստի հետևանքով, հատուցեց գույքով։

 


Սարգիս Հակոբյան