Երբ հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, նշանակվեց փլուզման եզրին գտնվող ֆուտբոլի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ինձ մոտ աղոտ հույսեր արթնացան։ Հիմնականում այն պատճառով, որ Պետրոսյանը մարզչական աշխատանքով զբաղվել է Եվրոպայում եւ, այսպես ասած, արեւմտյան մշակույթի կրող է։ Միշտ մտածել եմ, որ տարբեր ոլորտներում մեր «տունը քանդել» է հենց «հայավարի» մտածողությունը։
Երեկ երեկոյան ֆուտբոլի մեր ընտրանին ֆանտաստիկ, նույնիսկ կարելի է ասել՝ հերոսական հաղթանակ տարավ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալելով խմբի առաջատար, Չեռնոգորիայի հավաքականին։ Հաղթանակն արժեւորված է հատկապես այն հանգամանքով, որ առաջին խաղակեսից հետո մեր թիմը պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ։ Նման իրավիճակում՝ թիմին կարող է փրկել միայն մարզչի մարտավարությունը։ Այս առումով՝ երեկվա հաղթանակն, առաջին հերթին, կերտել է Արթուր Պետրոսյանը։
Մեր հավաքականին մշտապես ամենից շատ խանգարել է մոտիվացիայի բացակայությունը։ Պետրոսյանին, տաս օրվա ընթացքում, հաջողվել է մոտիվացնել անհույս թվացող հավաքականի խաղացողներին, նրանց տրամադրել, թե հնարավոր է հաղթել անգամ խմբի առաջատարին։
Այս հաղթանակը գուցե էապես չավելացնի ուղեգիր նվաճելու մերոնց շանսերը, բայց այն շատ կարեւոր է՝ նոր հավաքական կայացնելու, ֆուտբոլը հիասթափված երկրպագուին վերադարձնելու առումով։
Արթուր Պետրոսյանին հավաքական է բերել Ռուբեն Հայրապետյանը, բայց նոր մարզչի հաջողությունը կարող է մարտահրավեր լինել հենց ՀՖՖ նախագահի ձեւավորած «ֆուտբոլային օլիգարխիային եւ մոնոպոլիային»։ Կարճ ասած՝ ինչքան Արթուրը հաջողի, այնքան ուժեղ կլինի երկրպագուի, հասարակության աջակցությունը մարզչին ու հավաքականին՝ նրանց զերծ պահելով Հայրապետյանի կամայական ճնշումներից։ Ի դեպ, խիստ գովելի է ԶԼՄ-ների դերի արժեւորումը՝ Արթուր Պետրոսյանի կողմից։ Սա հենց արեւմտյան այն մտածողությունն է՝ տարբերվող Հայրապետյանի ասիական մենթալիտետից, ինչի մասին վերեւում ակնարկում էի։
Մեր հավաքականում տոն տվողը պետք է լինի ոչ թե ՀՖՖ նախագահը, այլ՝ մարզիչը։ Դրա համար՝ Պետրոսյանը պետք է հաջողի ու երեկվա մեկնարկը խիստ տպավորիչ էր։
Այն, բովանդակային հարթության մեջ, մարտահրավեր էր Ռուբեն Հայրապետյանին։ Ոչ թե այն իմաստով, որ Հայրապետյանը հավաքականի հաղթանակը չի ուզում, այլ ֆուտբոլային կառավարման տարբեր մտածողությունների հակադրության առումով։ Հուսանք, որ մոտ ապագայում հավաքական կհրավիրվի Հայրապետյանի կողմից «արտաքսված» Յուրա Մովսիսյանը։ Ասածս այն է, որ մեր գլխավոր մարզիչն այնքան ինքնավստահ եւ ուժեղ կլինի, որ նման քայլի կգնա՝ անտեսելով անգամ ՀՖՖ նախագահի ոչ ֆուտբոլային «կապրիզները»։
Սարգիս Հակոբյան